Ի՞նչ ազդեցություն կթողնի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի միջազգային վարկանիշի ու ղարաբաղյան հարցի վրա
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գտնում է՝ այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Հայաստանում, դժվար թե աննկատ մնա միջազգային խաղացողների համար։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսելն ու առհասարակ Մարտի 1-ի գործի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։ Ի պատասխան՝ Ա. Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ որոշակի անհանգստություններ կլինեն, ու դա կապված է և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ, և՛ Յուրի Խաչատուրովի։
Նա նկատեց, որ Յու. Խաչատուրովը միջազգային բավականին բարձր աստիճանի չինովնիկ է, ու այն, ինչ տեղի է ունենում հիմա, դժվար թե աննկատ մնա ու որոշակի դժվարություններ չառաջացնի։
«Մենք կփորձենք միջազգային հարթակներում բացատրել, որ այս գործընթացը ներքին բնույթի է, այսինքն՝ այս ամենի պատճառները Հայաստանի ներսում են ու կապ չունեն արտաքին քաղաքականության հետ։ Նման կասկածներ կարող են լինել, բայց վերլուծաբանների խնդիրը կլինի՝ բացատրել, որ սա ոչ այնքան լավ արված հաշվարկ է, ոչ ամբողջական պատկերացնում ներքին և արտաքին հանգամանքների, բայց ոչ դիտավորյալ քայլ է Հայաստանից դուրս ինչ-որ բանի դեմ։ Այս իրադարձություններն ունեն ներքին քաղաքական բնույթ, ու հույս ունեմ, որ դա հասկանալի կլինի նաև արտաքին խաղացողների համար»,- նշեց քաղաքագետը։
Հարցին՝ տեղի ունեցածն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հարցի վրա, Ա. Իսկանդարյանն այսպես պատասխանեց. «Ընդհանրապես ցանկացած ոչ կայունություն, ցանկացած փոփոխություն և՛ հույս է, և՛ ռիսկ։ Հույս է, որովհետև հին իշխանությունները երբեմն կորցնում են կապը շրջակա աշխարհի հետ, դադարում են ընկալել այն ամենը, որ կա շրջապատում, դադարում են զգալ հասարակությանը, լինել ադեկվատ իրավիճակներին։ Ռիսկեր էլ կան, որովհետև նոր մարդիկ որ գալիս են, նրանք դեռևս փորձ չունեն ու ոչ այնքան հստակ են պատկերացնում այն ամբողջ խնդիրները, որոնք իրենց շուրջ կան։ Եթե կա հակառակորդ, նա պարտավոր է հաշվի առնել ցանկացած ոչ կայունություն։
Մենք հիշում ենք՝ ինչպես դա եղավ։ Հենց Հայաստանում սկսվեցին իրադարձություններ ապրիլին, ադրբեջանցիները սկսեցին ակտիվություն ցուցաբերել սահմաններում։ Նրանք կոլապս էին ակնկալում։ Նրանց, իհարկե, քաղաքական համակարգի կոլապսը չի հետաքրքրում, այլ՝ բանակի, Զինված ուժերի։ Փառք Աստծո, այդ կոլապսը մինչ այսօր տեղի չի ունեցել։ Եթե իրավիճակն այդպիսին մնա ու բանակում կոլապս չի լինի, չեմ կարծում՝ ինչ-որ գերբնական իրադարձություններ կլինեն»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։