
Travelblog.lv-ն բացահայտում է Հայաստանն՝ իր ողջ հմայքով ու էությամբ

Հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները, չքնաղ բնապատկերները ներկայացվել են մեկ տեսանյութում:
Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում նկարահանվել է տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Travelblog.lv-ի մասնագետները, Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ, մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաղ բնապատկերները:
«Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ: