Ռուսական աղբյուր. «Մոսկվան ոչ պրոֆեսիոնալ է որակում Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու վերաբերյալ Երևանի հայտարարությունը». ՏԱՍՍ

«Ռուսաստանը ոչ  պրոֆեսիոնալ է որակում Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը սկսելու ՀՀ ԱԳՆ հայտարարությունը»,- այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով իր բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին:

«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն հնչեցրեց իր ոչ պրոֆեսիոնալ մոտեցմամբ զարմացնող առաջարկ՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- նշել է գործակալության զրուցակիցը: Շարունակելով` գործակալության աղբյուրն ասել է. «Նման հայտարարություններն առավել տարօրինակ են, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմի վրա, որը դեռ վերջերս է ՀԱՊԿ-ին ներկայացրել Խաչատուրովի թեկնածությունը, և ամենակարևորը, հիանալի կերպով տեղյակ է ընթացակարգից, համաձայն որի՝ հենց Հայաստանը պետք է սկսի գլխավոր քարտուղարին ետ կանչելու  գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչն է»:

Զրուցակիցն ընդգծել է, որ Երևանն ինքը պետք է գրավոր կերպով տեղեկացնի ՀԱՊԿ-ին, միայն այդ ժամանակ կսկսվի գլխավոր քարտուղարի իրավասությունների դադարեցման գործընթացը:

«Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն իրենց ձեռնտու չէ այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ին պետք է համապատասխան գրավոր ծանուցում ուղարկվի, և միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական գործընթացը, և ոչ թե՝ «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա իրավասությունների դադարեցման»,- նման դիտարկում է արել գործակալության աղբյուրը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ներից մեկին ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին է, և մեծ կարևորություն տալով կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։ Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին»։

Միևնույն ժամանակ՝ նշենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Տեսանյութեր

Լրահոս