Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքը սկսվել է բարձր արդյունքներով

Գեղարքունիքի մարզում հուլիսի վերջին տասնօրյակի ընթացքում բարձր արդյունքներով մեկնարկեց հացհունձը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, հուլիսի 28-ի դրությամբ արդեն հնձվել են մոտ 650 հեկտար ցորենի եւ գարու արտեր: Ցորենի արտերի 1 հեկտարից ստացվում է 28-30, գարու արտերի 1 հեկտարից՝ 20-25 ցենտներ բերք: Առանձին տեղերում, սակայն, ցորենի արտերի 1 հեկտարից հավաքվում է մինչեւ 40 ցենտներ:

«Մարզում այս տարի հացահատիկի ցանքերը կազմել են 37 հազար 364 հեկտար, որից 11 հազար 222 հեկտարը զբաղեցնում են աշնանացան ցորենի արտերը: Մարզում առկա 304 հացահատիկահավաք կոմբայններից սարքին վիճակում են գտնվում 260-ը, որոնք բավարար են՝ բերքահավաքը ժամանակին կատարելու եւ ավարտելու համար»,-հավաստեց գյուղվարչության պետը: Հացահատիկի բերքահավաքը կավարտվի օգոստոսի կեսերին:

Ըստ վարչության պետի՝ հացահատիկի բերքահավաքը նախորդ տարիների համեմատ մեկնարկել է 10-15 օր ավելի վաղ, ինչը կապված է տաք եղանակների հետ: «Ամեն դեպքում, տարին շատ նպաստավոր է գյուղատնտեսության համար: Առատ բերք է հավաքվում թե խոտհարքերից, թե հացահատիկի արտերից»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս