«Արարքը հանցավոր է, ճիշտ է որակված. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը ճիշտ իրավաբանական հիմքերի վրա է հենված». Սեդա Սաֆարյան

«Կարծում եմ՝ նյութն ամբողջական չտիրապետելու արդյունքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գտնում, որ Ռոբերտ Քոչարյանի արարքում հանցավորություն չկա,  և գտնում եմ՝ Փաստահավաք խմբի գործունեության ընթացքում բավականին փաստեր են հավաքվել այդ կապակցություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ բավականին զինվորականներ ընդունել են, որ զորքի կամ իրենց տեղաշարժը եղել է նրա համար, որ փողոցում մարդիկ էին կանգնած, որոնք իշխանության համար վտանգ են ներկայացրել, սահմանադրական կարգի խախտման վտանգի պատճառով է, որ իրենք զորքը բերել ու մասնակից են դարձրել ներքաղաքական կյանքին։

«Զինվորականներից մեկը, շատ վրդովված, կարծելով, որ ես ընդդիմադիր եմ, գոռում էր ինձ վրա՝ ասելով՝ ուզում էիք, իշխանությունը վերցնեի՞ք։ Այսինքն՝ Սահմանադրությունը խախտվել է հենց նրա համար, որ իշխանությունը բռնի պահվի, և ընտրությունների արդյունքների վերահաշվարկներ չարվեն, այդ բռնության մթնոլորտում փորձեցին լուծում տալ այդ բոլոր խնդիրներին, որի արդյունքում ՀՀ նախագահը, ով նաև գլխավոր հրամանատարն է, Սահմանադրության այդ նորմերի խախտումները կատարելով՝ կարողացավ մարտիմեկյան այդ իրադրությունն ի օգուտ իշխանության օգտագործել և ազգին հասցնել նման ծանր հետևանքներ։ Մարտի 1-ը՝ որպես իրադրություն և մեծ պատմություն, ՀՀ վարկանիշը կտրեց, իջեցրեց»,- նշեց Ս. Սաֆարյանը։

Խոսելով Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության հանգամանքի մասին՝ Ս. Սաֆարյանն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք իրեն չենք մեղադրում, որ, ասենք, իր իշխանության տարիներին, գերակա շահի տեսանկյունից որոշումը ճիշտ չի ընդունել, մենք խոսում ենք կոնկրետ հանցագործության մասին, որը հենվում է Սահմանադրության նորմերի խախտման վրա։ Կարծում եմ՝ դեռևս 2008 թվականին գործող քրեական օրենսդրությամբ Ռոբերտ Քոչարյանի արարքը հանցակազմ պարունակող արարք է եղել, ուրիշ խնդիր է, որ դրանից ամիսներ անց որոշակի փոփոխությունների է ենթարկվել այդ հոդվածը։ Այստեղ խնդիր չեմ տեսնում, գտնում եմ՝ արարքը հանցավոր է, ճիշտ է որակված, նրա նկատմամբ խափանման միջոցը ճիշտ իրավաբանական հիմքերի վրա է հենված»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս