«Մոսկվան զգուշավոր դիրքորոշում է ունենալու երևանյան իրադարձությունների վերաբերյալ, ինչպես հեղափոխության օրերին». Լուկիանով
«Հատկապես հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակը Հայաստանում, ի հայտ եկած նոր իրողություններն ու տվյալ հարցի բարդ բնույթը, Մոսկվան կխուսափի անդրադառնալ Հայաստանի ներքին զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գրավի դիմաց ազատ արձակմանը:
Ռուս վերլուծաբանն ասաց, որ ՀՀ-ում իշխանությունների փոփոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում նոր երանգներ են ի հայտ եկել, քանի որ ՀՀ նոր իշխանությունները նոր առաջնահերթություններ են առաջ մղում՝ տեսանելի կերպով, և փորձում են պահպանել այն բարեկամական աշխատանքային մթնոլորտը, որը միշտ առկա է եղել, և փորձում են բարձրացնել, իրենց կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներն ու լուծել դրանք:
Ըստ նրա՝ հատկապես հաշվի առնելով հետհեղափոխական իրավիճակը Հայաստանում, ի հայտ եկած նոր իրողություններն ու տվյալ հարցի բարդ բնույթը, Մոսկվան կխուսափի անդրադառնալ Հայաստանի ներքին զարգացումներին, ինչպես դա արեց հայկական հեղափոխության օրերին:
Ներկայումս, նրա խոսքով, դա շատ ավելի ցայտուն կլինի, քանի որ սա ավելի կարևոր փուլ է ՀՀ-ՌԴ հարաբերությունների համար, և ցանկացած անզգույշ հայտարարություն ցանկացած կողմից կարող է լուրջ հետևանքների բերել:
«Կարծում եմ` այդ ամենին արձագանքելու ցանկություն ևս Մոսկվան չունի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնաթող նախագահ է, Մոսկվան կհետևի պարզապես իրադարձություններին, պաշտոնական մակարդակով նրան աջակցելն անհասկանալի կլինի: Այլ է խնդիրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարագայում, այստեղ խնդիր կա, և Մոսկվան խնդիր ունի ճիշտ արձագանքելու Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Այստեղ կա ՀԱՊԿ հեղինակության հարցը, պետք է նուրբ որոշում կայացվի: Եթե չեմ սխալվում, այդ պաշտոնը պատկանում է հայկական կողմին մինչև 2020 թվականը, գուցե որոշվի այլ թեկնածու առաջ քաշել, սակայն կա նաև Ղազախստանի և Բելառուսի արձագանքի հարցը, ուստի, կարծում եմ, որ նախնական խորհրդակցություններ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ երկրների միջև այս հարցի շուրջ, որպեսզի կազմակերպությունը հնարավորինս անցնցում հաղթահարի այս հարցը»,- ասաց Լուկիանովը:
Խոսելով ստեղծված իրավիճակի ու այն հնարավոր վտանգների մասին, որոնք, ըստ որոշ կարծիքների, կարող են առաջանալ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ` Լուկիանովն ասաց, որ անկախ տեղի ունեցողից՝ իրավիճակը վերահսկվում է իշխանության կողմից, և կարծում է՝ հայկական կողմը միամիտ չէ զգոնությունը թուլացնելու համար: «Կարգավորման գործընթացում որևէ պարագայում դեռ հեռանկարներ չեմ տեսնում»,- ասաց նա: