Բրիտանացիների ավելի քան 40 տոկոսը ցանկանում է անցկացնել հանրաքվե Brexit-ի պայմանների շուրջը. հարցախույզ
Բրիտանացիների գրեթե կեսը հանդես է եկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնական պայմանների շուրջը հանրաքվե անցկացնելու օգտին: Այս մասին հաղորդել է The Times թերթը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հետազոտությունը, որը կատարել է YouGov սոցիոլոգիական ծառայությունը։
Հրատարակության տվյալներով՝ հարցման համաձայն՝ որին մասնակցել են ավելի քան 1,6 հազար բրիտանացի հպատակներ, հարցվածների 42 տոկոսը պաշտպանել է Brexit-ի պայմանների շուրջը հանրահարցման գաղափարը, 40 տոկոսը եղել դեմ, իսկ 18 տոկոսը չի կարողացել կողմնորոշվել: Ինչպես նշել է թերթը, սա առաջին անգամ է, երբ նման քվեարկության անկցացման գաղափարի կողմնակիցների թիվը գերազանցել է նրանց թիվն, ովքեր դեմ են:
Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պաշտոնական բանակցություններն այն պայմանների շուրջը, որոնցով Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, սկսվել են 2017 թվականի հունիսի 19-ին Բելգիայի մայրաքաղաքում: Դրանից մեկ տարի առաջ Միացյալ Թագավորությունում սույն հարցի շուրջը հանրաքվեում 51,9 տոկոսով 48,1 տոկոսի դեմ հաղթանակ էին տարել եվրաինտեգրացման հակառակորդները: Brexit-ի շուրջը բանակցությունները պետք է տեւեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 18-ը, ինչից հետո ձեռք բերված գործարքին պետք է հավանություն տան Եվրախորհրդարանը եւ Վեսթմինսթերը:
Պաշտոնապես Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին (միջին եվրոպական ժամանակով մարտի 29-ի լույս 30-ի կեսգիշերին), ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: