«Մոսկվան և ՀԱՊԿ-ն կարձագանքեն Խաչատուրովի շուրջ զարգացումներին». Տարասով

«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննությանը, որի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի մասին միջնորդություններ ներկայացվել:

Տարասովն ասաց, որ հետևում են ներհայաստանյան իրադարձություններին, Մոսկվայի պաշտոնական գնահատականը դեռ չի եղել, այն կլինի մի որոշ ժամանակ անց:

«Ես իմ անձնական տեսակետը կարող եմ հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ներկայումս, որոշակի անհանգստություն է առաջացնում: Առանց կասկածի՝ կարող եմ ասել, որ քաղաքական էլիտաների միջև պայքար է ընթանում, իշխանությունն անցյալի միջոցով փորձում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի նոր մոդել ստեղծել: Կոռուպցիան, արատավոր երևույթները, հանցագործությունները ողջ աշխարհում են դատապարտվում, մենք երբեք չենք աջակցի այդ արատավոր երևույթներին: Ներկայումս, սակայն, կարծում եմ՝ հարցն այլ է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է, կա ԼՂ հակամարտությունը, ուստի ներքաղաքական իրավիճակի սրումն անհանգստություններ է առաջացնում Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանը հայտնի ֆիգուր է, հետևողականորեն զբաղվել է ԼՂ հակամարտության կարգավորմամբ, չի փորձել զիջել ՀՀ ազգային շահերը, ուստի ազգային դավաճանության մեջ մեղադրել նրան հնարավոր չի լինի: Սրանք ներքաղաքական պայքարի նշաններ են, կտեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները: Տհաճ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է ներքաշված այս գործում, սա այդ կառույցի հեղինակությանը հարված է: Որոշ ժամանակ անց Մոսկվան կարձագանքի ամենայն հավանականությամբ: Ռոբերտ Քոչարյանը նախկին նախագահ է, բնականաբար, նրա վերաբերյալ Մոսկվան որևէ հայտարարություն չի անի, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ պետք է լինի, պարտավոր է, քանի որ Խաչատուրովը զբաղեցնում է պաշտոն մի կառույցում, որն ԱՊՀ մասշտաբով է գործում՝ որպես անվտանգության կառույց: Բայց թե ինչպիսի հայտարարություններ կլինեն՝ չեմ կարող ասել, չեմ ուզում գուշակել»,- ասաց Տարասովը:

Նա բնական համարեց այն հանգամանքը, որ նոր իշխանությունն անցյալի հետ հաշիվներ է մաքրում: Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում է այդպես, և ՀՀ-ն բացառություն չէ: «Բայց թե ինչու է գնում այս ամենին ներկայումս, այս հարցի պատասխանն ինձ ստիպում է մտածել, որ սա քաղաքական պայքար է: ՀՀ երեք նախագահները խարիզմատիկ կերպարներ են, մեծ ներդրում են ունեցել ՀՀ անկախության կայացման հարցում: Երբ նրանց մեղադրում են, դրանով հարվածի տակ են դնում ՀՀ-ում իշխանական կառուցվածքի լեգիտիմությունն այս տարիների ընթացքում, սա ևս հարված է Ղարաբաղին: Ավելին ասեմ, որ, եթե ՀՀ-ն պատերազմող երկիր չլիներ, կարելի էր սա հասկանալ, բայց այլ է հարցը, քանի որ կա Ղարաբաղյան հակամարտությունը: Բոլոր նախագահներն ուղիղ մասնակցել են ԼՂ հակամարտության կարգավորմանը, սա վտանգավոր է: Փոխարենը բարեփոխումներ անել, նման գործընթացներ են նախաձեռնվում պատերազմական իրավիճակում: Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այս իրականության մեջ են եղել, Մարսի վրա չեն եղել: Այսինքն՝ բոլորն են սրա մասը կազմել: Ուստի, քանի որ վտանգավոր գործընթաց է, Մոսկվան զգուշորեն է վերաբերվելու»,- ասաց Տարասովը:

Անդրադառնալով օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե ՌԴ-ն Ղարաբաղում պատերազմ թույլ չի տա, Տարասովն ասաց, որ Ռուսաստանն օբյեկտիվ կերպով ռազմական կոնֆլիկտով հետաքրքրված չէ: Դրա վառ ապացույցն էր, ըստ նրա, նաև 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները, որոնց Մոսկվան արձագանքեց հնարավորինս շուտ:

«Սակայն ներկայումս այլ է հարցը` գլխավոր սպառնալիքն այն է, որ «հայերն իրար են ուտում», ավելի լավ նվեր չէր կարող լինել Ադրբեջանի համար: Հարցն ինձ համար միայն հետևյալն է` արդյո՞ք ճիշտ ժամանակն էր՝ նման գործընթացներ սկսել Հայաստանում ներկայումս: Գուցե ճգնաժամից դուրս գալ Ղարաբաղի հարցով, որից հետո միայն զբաղվել պատմական հաշիվները մաքրելով»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս