«Ինչպես էլ փորձի տակից դուրս գալ, դուրս չի գալու». Պարգև Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին

Իրավաբան, նախկին դատավոր Պարգև Օհանյանը գտնում է՝ այն քննչական գործողությունները, որ իրականացվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, օրենքի շրջանակներում են։ 168.am-ի հետ զրույցում նախկին դատավորն ասաց, որ գտնում է՝ այս ամենը բխում է ժողովրդավարությունից։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Երեկ տված հարցազրույցում Ռ. Քոչարյանն ասել էր, որ իրեն մեղադրանք առաջադրելը համարում է ակնհայտ քաղաքական հետապնդում, վենդետա՝ թավշյա հեղափոխության, սիրո և համերաշխության կարգախոսի ներքո։

«Ուրիշ ի՞նչ պետք է ասի, ուրիշ ասելիք էլ չունի Քոչարյանը։ Նորմալ եմ գնահատում, թող չափը չանցնեն, չչարախոսեն, նորմալ ընթացք է։ Ես նաև համոզված եմ, որ, եթե չապացուցվի նրա մեղավորությունը, նա չի էլ դատապարտվի, որովհետև նոր իշխանություններն իր պես չեն։ Չկարողացա ծիծաղս զսպել, երբ ասում է՝ ես չէի պատկերացնում, որ կարելի է սենց գործ սարքել։ Ախր, մեկը չկա՝ ասի՝ գործ սարքելու մասնագետը դու ես, այն գործերը, որ քո ցուցումով սարքվել են, դրանց մասնագետն ո՞վ էր, հիմա ինչի՞ վրա ես զարմացել։ Կարծում եմ՝ շատ օրինական ընթացք է»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր ճշտող հարցին՝ քաղաքական որևէ ենթատեքստ չե՞ք տեսնում այս գործողություններում, Պ. Օհանյանը պատասխանեց, որ բացարձակ չի տեսնում. «Թեև այս դեպքը հենց քաղաքական իրադարձության մեջ տեղի ունեցած հանցագործություն է, որի կատարողները պետք է պարզվեն»։

Կարդացեք նաև

Ռ. Քոչարյանն իր հարցազրույցում նաև մտահոգություն էր հայտնել, որ ստացվում է՝ ամբողջ բանակը հանցագործություն է կատարել. «Ես եզրակացնում եմ, որ, եթե բանակն է դա արել, ես էլ գերագույն գլխավոր հրամանատարն եմ ու դա իրականացրել եմ բանակի միջոցով, ուրեմն մեր ամբողջ բանակը հանցագործ է դառնում»։

Երկրորդ նախագահի այդ հայտարարությունը նույնպես Պ. Օհանյանի ծիծաղն է առաջացրել. «Շատ մանկական, պարզունակ բաներ է ասում, որ իրեն պատիվ էլ չի բերում։ Ախր ո՞ւմ համար պարզ չէ, որ այստեղ միակ կազմակերպիչն ինքն է, միակ պատվիրատուն ինքն է, որը որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ հրաման է տվել, ու մնացածը կատարել են։ Իհարկե, քննությամբ պետք է պարզվի, թե ովքեր են անմիջականորեն կատարել։ Եթե հրամանն ակնհայտ անօրինական է եղել, ապա կատարողը կարող է չկատարի, ուստի, սա քննությամբ պետք է պարզվի, բայց ինձ համար նաև միանշանակ է, որ բարձր դիրքի զինվորականները չէին կարող չտեսնել, որ հրամանը միանշանակ ապօրինի է ու չի բխում Սահմանադրությունից, ու կարող էին չկատարել։

Այդ քննությունը կպարզի, անգամ մեղավորության պայմաններում գուցե ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով՝ բոլորին քրեական պատասխանատվության չկանչեն, բայց մի բան ակնհայտ է, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը դուրս է եկել իր կարգավիճակից բխող լիազորություններից և տվել է հրաման, որն ակնհայտ ապօրինի է եղել, մասնավորապես, իրավունք չուներ Զինված ուժերը ներգրավել արտակարգ դրության պայմաններում, ԶՈՒ-ն իրավունք ուներ ներգրավել՝ միայն, եթե վտանգ է սպառնում երկրի սահմաններին, պատերազմ է հայտարարվել, և որին պետք է նախորդեր ռազմական դրության հայտարարումը։ Այսինքն՝ ինքը մինչև ռազմական դրություն չհայտարարեր, իրավունք չուներ ներգրավել զորքերին։ Ինչքան էլ ինքը հիմա փորձի խուսափողական պատասխաններ տալ, թե արտակարգ դրություն էր, որի ժամանակ զորքերը պետք է ստրատեգիական օբյեկտները պաշտպանեն, նման բան չկա Սահմանադրությամբ, արտակարգ դրության ժամանակ զինվորականությունն անելիք չունի։ Այնպես որ, ինչպես էլ փորձի տակից դուրս գալ, դուրս չի գալու»։

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի այն հայտարարությանը, թե պատերազմող երկրի համար վտանգավոր են այս գործողությունները՝ Պ. Օհանյանն ասաց, որ այս երկրում վերջապես ավտորիտար, տոտալիտար համակարգերը չկան. «Այստեղ արդեն օրենքի երկիր է, ժողովուրդը միասնական է, ու մեզնից ավելի պետք է վախենան, որովհետև մեր վարկանիշն էլ շատ-շատ անգամ բարձրանալու է միջազգային մակարդակներում, ու ոչ մի գրամ մեզ համար սա որևէ խնդիր վատ իմաստով չի կարող առաջացնել»։

Տեսանյութեր

Լրահոս