Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է և նա հեռացել է այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ-ից: Նրա մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվել: Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին ՀՔԾ-ում է Յուրի Խաչատուրովը: Նրա մասնակցությամբ ևս քննչական գործողություններ են իրականացվում:
Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության էր կանչվել Մարտի 1-ի գործով:
Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:
Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով ՀՔԾ-ում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: