«Իրանը կարող է վիժեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Նախիջևանում». իրանագետ
Իրան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը բացասաբար կազդի տարածաշրջանի վրա, բայց Հայաստանն այստեղ կունենա նաև առավելություններ ու նոր հնարավորություններ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Եթե Միացյալ Նահանգները որոշի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ապա մեր հարևան պետությունը կսկսի դրանց բեռը հաղթահարել Հայաստանի օգնությամբ, քանի որ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ մեր երկիրն Իրանի նկատմամբ միշտ լոյալություն է ցուցաբերել նման իրավիճակներում»,- ասաց Տոնոյանը:
Իրանագետը նաև մեզ համար երկու պետությունների միջև հարաբերությունների սրման բացասական կողմերն է նշում: Արտյոմ Տոնոյանի խոսքով` Իրանը նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկն է ու այս իրավիճակում, եթե Իրանը զրկվի արտահանման հնարավորությունից, ապա դա շահավետ չի լինի Հայաստանի համար:
«Այս տարվա ընթացքում նավթի գներն աճել են ու մասնագետների հաշվարկներով` նորից աճ է նկատվում: Քանի որ մեր հարևան Ադրբեջանը նավթի գնաճի ժամանակ աչքի է ընկնում իր վստահ ու ռազմատենչ հռետորաբանությամբ, ապա այս իրավիճակը բացարձակ չի բխում մեր երկրի շահերից: Սակայն Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ, եթե իրենք նավթ չարտահանեն, ապա տարածաշրջանում որևէ մեկն այդ իրավունքը չի ունենա»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ այդ երկիրը կխոչընդոտի հարևան երկրների կողմից նավթի առքուվաճառք իրականացնելու գործին:
Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ նաև Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ այդ հատվածը գտնվում է Իրանի ուշադրության կենտրոնում, և այդտեղ իրավիճակի ցանկացած սրում Իրանը կարող է կանխել:
«Իրանը Նախիջևանի հետ առանձին աշխատելու բազմամյա փորձ ունի, և հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Այստեղ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ Իրանը կարող է վիժեցնել»,- ասաց Արտյոմ Տոնոյանը:
Իրանագետի խոսքով` ԱՄՆ-ի ու Իրանի ռազմական ղեկավարության ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փոխադարձ կոպիտ հայտարարությունները իրականության չեն դառնա, որովհետև պատերազմ սկսելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի անգամ սեփական քաղաքացիների աջակցությունը: