Սուրեն Պապիկյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական հաստատության հեղինակային կրթական ծրագրերին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրակրթության կազմակերպման հարցում կրթահամալիրի ներգրավվածությանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը շրջայցը սկսել է կրթահամալիրի նախակրթարաններից, ծանոթացել դպրոց-պարտեզների ուսումնական լողավազաններում և ձիարշավարանում երեխաների մարմնակրթական ուսուցման կազմակերպմանը։ Այնուհետև այցելել է միջին և ավագ դպրոցների մասնաշենքեր, շրջել դասասենյակներով, մարմնամարզության, սպորտի և արվեստի ուսուցման լսարաններով, եղել ընթերցասրահներում ու լաբորատորիաներում։

Շրջայցի ճանապարհին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին մանրամասն ներկայացրել է ուսումնական հաստատության հանրակրթական ծրագրերը և նրա ուշադրությունը հրավիրել հանրակրթական գյուղական դպրոցի մոդելի միջոցով ուսումնական հաստատության և բնակավայրի միջև ֆիզիկական անջրպետների վերացման գաղափարի վրա։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է վարչական շրջանի կրթամշակութային կյանքի զարգացմանը խթանող նման թափանցիկ և բաց կրթական հաստատություների գործունեությունը և ընգծել, որ նման ձևաչափի կիրառումը բազմաբնակավայր համայնքներում կարող է արդյունավետ լուծում հանդիսանալ այն բնակավայրերի համար, որոնք ունեն մանկապարտեզներով, մշակութային և սպորտային հաստատություններով ապահովված լինելու խնդիր։

«Տպավորություններս գերազանցեցին սպասելիքներս։ Ստեղծված միջավայրը կարող է իրապես նպաստել բարձր մակարդակի ուսումնառության կազմակերպմանը, որի շնորհիվ այստեղ ուսանող երեխաների մոտ կզարգանան ազատ, անկաշկանդ ու պատասխանատու քաղաքացու հատկանիշներ, ինչը շատ կարևոր եմ համարում մեր հասարակության համար»,- ասել է նախարարը՝ իր տպավորությունները կիսելով կրթահամալիրի սաներից մեկի հետ։

Տեսանյութեր

Լրահոս