«Աննկատելիորեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները դուրս եկան բանակցությունների օրակարգից, ինչն անթույլատրելի է». վերլուծաբան

«Չի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց շվեյցարացի կովկասագետ Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են  ևս մեկ հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ առաջարկ ներկայացվել է համանախագահների կողմից: Հանդիպման վայրի և ժամկետների շուրջ վերջնական համաձայնեցումից հետո դրա մասին կտեղեկացնենք մեր հասարակությանը, ինչպես և կատարվել է նախկինում»,- ասաց Բալայանը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հուլիսի 24-ին հայտարարել էր, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ: Նրա խոսքով՝ հնարավոր է՝ հանդիպումը տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Նշենք նաև, որ Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին՝ Բրյուսելում: Հանդիպմանը ներկա էին նաև Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա):

Նիկոլյա Հայոսի խոսքով՝ ճիշտ կլինի, որպեսզի միջնորդները կողմերին, մասնավորապես՝ նախարարներին, բանակցային գործընթացի ակտիվ փուլին անցումը ձգձգելու հնարավորություն չտան, քանի որ դա շատ կերկարաձգի պրոցեսը` վտանգավոր միտումները խորացնելով: Ըստ նրա՝ վտանգավոր միտումն իրավիճակն է հակամարտության գոտում և հայտարարությունները պատերազմի վերսկսման իրատեսականության մասին: «Չի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, հակազդեցության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը, այնինչ դա միակ կառուցողական ճանապարհն է, քանի որ, տեսեք, թե ինչի հանգեցրեցին ապրիլյան մարտական գործողությունները` որոշումների տեսանկյունից՝ ոչնչի, կողմերն ունեցան միայն ողբերգական հետևանքներ` կորուստներ, միջոցների վատնում, և այլն, և այլն, թեև կա կարծիք, որ դրանով փորձեցին իրենց ուժերը շատ ավելի լայնամասշտաբ պատերազմի համար: Ու շատերը կարծում են, որ ներկայումս այդ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման փուլն է»,- ասաց Հայոսը:

Նա «վճռական» որակեց ներկայումս համանախագահների ճիշտ գործողությունները:

«Չպետք է այնպես լինի, որ մենք ինչ-որ փաստից հետո սկսենք մեղադրել համանախագահներին անգործության մեջ, համանախագահներն արդեն այսօր գոնե պետք է հաճախ կազմակերպեն բանակցային հանդիպումներ կողմերի միջև, թեև կողմերը միմյանց առաջարկելու ոչինչ չունեն»,- ասաց Հայոսը:

Նրա խոսքով՝ այս տեսանկյունից դրական է այն, որ համանախագահները հանդես են եկել նոր հանդիպում կազմակերպելու առաջարկով:

«Բնականաբար, չեմ կարծում, որ այն բեկումնային կլինի, բայց գուցե այս հանդիպման ընթացքում նախարարները կարողանան Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել, հատկապես, երբ Փաշինյանը ցանկանում է հանդիպել Ադրբեջանի նախագահին»,- ասաց Նիկոլյա Հայոսը:

Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչ հաշվարկների վրա են հիմնված կարծիքներն այն մասին, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պատերազմ կսկսվի:

«Գուցե Պաշտպանության բանակը տվյալներ ունի, այնուամենայնիվ, եթե կան տվյալներ, պետք է աշխատել հակառակ ուղղությամբ՝ ներգրավվելով այդ աշխատանքում միջազգային հանրությանը, պետք է աշխատել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ: Աննկատելիորեն այդ պայմանավորվածությունները դուրս եկան բանակցությունների օրակարգից, որն անթույլատրելի է, քանի որ բանակցությունների կառուցողական շարունակականության համար անհրաժեշտ է ունենալ խաղաղ և վերահսկելի շփման գիծ ու սահման:

Առանց այդ պայմանավորվածությունների՝ արդյունավետ բանակցություններն անհնար եմ համարում, քանի որ բանակցությունները, հաշվի առնելով կողմերի ներկայիս մերժողական դիրքորոշումները, երկարատև գործընթաց են լինելու, բանակցային գործընթացը կարող է ցանկացած պահի ընդհատվել շփման գծում տեղի ունեցող լարվածության հետևանքով: Ուստի այս վտանգները հաշվի առնելով՝ համանախագահները պետք է ստեղծեն հավելյալ առիթներ կողմերի շփումների համար, բացի միջազգային մասշտաբի միջոցառումներից»,- ասաց Հայոսը:

Տեսանյութեր

Լրահոս