
Պուտինը և Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են ԵԱՏՄ-ի աշխատանքի հարցեր

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ նրա հետ քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության մի շարք հարցեր, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին Եվրասիական տնտեսական միության գործունեության որոշ ասպեկտներ, ինչպես նաեւ հրատապ միջազգային հարցեր»,- ասված է Կրեմելի հաղորդագրության մեջ:
Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում հաղորդեցին, որ Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել է այցով ժամանել Ռուսաստան:
«Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխադարձ ջանքերը փոխգործակցության դրական դինամիկայի պահպանման նպատակով: Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրեց մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան: Երկու ղեկավարների հնարավոր հանդիպումը, որի ժամանակ պլանավորվում է մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը, կարող է կայանալ Սոչիում»,- մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը Բելառուսի նախագահի վարչակազմի ներկայացուցիչների խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: