
«Արարատ ՃանՇին» ՓԲԸ-ին պատկանող «Hino» մակնիշի բեռնատարը վթարի է ենթարկվել

Հուլիսի 23-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Արարատ ՃանՇին» ՓԲԸ-ին պատկանող «Hino» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Է. Ա., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել բեռնատարից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել բեռնատարի շարժիչի հովացման աշխատանքներ: Քաղաքացին հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: