
«Գործարարները մաքսազերծումից հաճույք են ստանում՝ ոչ մի կաշառք, ոչ մի մաղարիչ չեն ուզում». Րաֆֆի Մխչյան

«Ընդհանուր հետաքրքիր տենդենց կա՝ միության անդամներն ասում են, որ բոլորը շատ ուշադիր են, թե մաքսայինում ինչ է կատարվում, և բոլորը շատ գոհ են՝ ոչ մեկը ոչ մի կաշառք, մաղարիչ չի ուզում մաքսազերծման համար: Բավականին հաճույք են ստացել գործարարները»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ «թավշյա հեղափոխությունից» հետո բարքերը փոխվել են այս ոլորտում:
Ըստ նրա՝ փոփոխությունը մեծ է, բայց դեռ շատ անելիք կա. «Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, շատ հետաքրքիր զարգացումներ կլինեն: Առայժմ սպասողական վիճակ է, շատ մարդիկ նայում են, թե ինչ է կատարվում, որ հետո իրենց քայլերն անեն: Դեռևս զերծ են մնում, չեն անում, ուզում են համոզվել՝ իրո՞ք փոխվեց ինչ-որ բան: Կարծում եմ՝ մարդիկ շատ ծրագրեր են պլանավորել և շուտով կանեն»:
Ր.Մխչյանը նշեց, որ ցանկացած ոլորտում գործարարները մեկը մյուսին են նայում, թե ո՞վ կսկսի ու կհաջողի՞ արդյոք:
«Վերջերս Լիբանանում էի, հետաքրքիր ոգևորություն կա, աննորմալ ոգևորություն: Լիբանանի ժողովուրդը մեծ ցանկություն ունի հայրենադարձության: Բոլորը հարցնում են՝ տուն-տեղ-աշխատանքի հարցերն ինչպես են լուծելու, ինչ են անելու»,- ասաց նա:
Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ նրա, միայն կհստակեցնեն իրավիճակը, որովհետև կառավարությունը պետք է մեծամասնություն ունենա Ազգային ժողովում, ինչն այսօր չկա.
«Բնականաբար, եթե նոր ընտրություններ լինի, նոր ԱԺ, նոր կառավարություն ձևավորվի, որոշակի ուժեր կարող է անհետանան ԱԺ-ից, նորերը միանան, ամեն ինչ հնարավոր է, բայց այսօր պարտադիր քայլն այն է, որ իրենք հիմնավորվեն»: