Մակրոնի խորհրդականի կալանքի ժամկետը երկարացվել է
Ելիսեյան պալատի աշխատակից Ալեքսանդր Բենալյայի կալանքի ժամկետը երկարացվել է: Այս մասին փոխանցում է AFP-ն: Բենալյան կասկածվում է մայիսմեկյան ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ:
Փարիզի դատախազությունը քննություն էր սկսել՝ նախագահական աշխատակազմի աշխատակցի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման եւ բռնի գործողությունների կատարման կասկածանքով: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Բենալիան պատասխանատու էր տարբեր միջոցառումների անցկացման ժամանակ Էմանուել Մակրոնի անվտանգության ապահովման համար:
Մայիս ամսին Բենալյան` ստանալով ոստիկանական շարքերում գտնվելու թույլտվություն, ավանդական մայիսմեկյան տոնակատարության ընթացքում ծեծել էր մի տղամարդու, և բռնություն էր գործադրել երկու կանանց նկատմամբ:
Հուլիսի 21-ին 26-ամյա Բենալյան բերման էր ենթարկվել: 24 ժամ հետո Փարիզի դատախազությունը որոշել էր երկարացնել կալանքը ևս մեկ օրով:
Փարիզի դատախազությունից բացի այս գործի շուրջ քննություն է իրականացնում նաև Ֆրանսիայի ոստիկանության գլխավոր քննչական ծառայությունը:
Ֆրանսիայի խորհրդարանն իր հերթին խորհրդարանական կոմիտե է ստեղծել, որը կսկսի աշխատել հաջորդ շաբաթվա սկզբից: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոն երկուշաբթի առավոտյան պատգամավորներին կներկայացնի գործի շուրջ ստեղծված իրավիճակը: