«Անհրաժեշտ է էական բեկում մտցնեք հասարակության կողմից ոստիկանի կերպարի ընկալման մեջ». ԱՀ ոստիկանության պետ
Սույն թվականի հուլիսի 20-ին Արցախի հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը ամփոփեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության 2018թ 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը։
2018թ 1-ին կիսամյակի ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 103 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 117-ի համեմատ. նվազումը կազմել է 14 դեպք կամ 12 %, որի տեսակարար կշիռը հանրապետությունում բոլոր գծերով գրանցված հանցագործությունների թվում կազմում է 29.3 % (2017թ. 1-ին կիսամյակում՝ 28.6%):
Նախկին տարիներին կատարված հաշվետու ժամանակահատվածում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 6-ով (18-ից 12), այդ թվում 3-ով նվազել են քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունները (12-ից 9):
Հանցագործությունների ընդհանուր քանակի նվազման պարագայում նվազել է նաև հանցավորության մակարդակը։ Հաշվետու ժամանակահատվածում 1000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը Ստեփանակերտ քաղաքում կազմել է 1.8 (2017թ. 1-ին կիսամյակում ՝ 2.1)։
Ըստ ծանրության աստիճանի՝ 4 դեպքով նվազել է միջին ծանրության հանցագործությունների քանակը (30-ից 26). ծանր հանցագործությունները աճել են 2-ով (11-ից 13), իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 1-ով (0-ից 1):
Քրեական հետախուզության գծով հանցագործությունների քանակը նվազել է 10-ով (62-ից 52), իսկ դրանց տեսակարար կշիռը նվազել է 2.5 %-ով (53 %-ից 50.5 %):
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին` պետք է նշել, որ քննարկվող ժամանակահատվածում 4.1 %-ով աճել է բացահայտման արդյունավետությունը (94.7%-ից 98.8%), քրեական հետախուզության գծով հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարելավել է 7.9 %-ով (89.4 %-ից 97.3 %)։ Վարույթում գտնվող քրեական գործերով հանցագործություններից բացահայտվել են 86 դեպք կամ 98.9%՝ 2017թ. նույն ժամանակահատվածի 91 դեպքի կամ 91%-ի համեմատ:
2018թ. 1-ին կիսամյակում 5 անչափահասների կողմից կատարվել է հանցագործության 5 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածի 9 անչափահասի կողմից կատարված 8 հանցագործության համեմատ:
ԱՀ ոստիկանության պետը գոհունակություն հայտնելով արձանագրած ցուցանիշներից մի շարք առանցքային ուղղություններով հստակ հանձնարարականներ տվեց պատասխանատուններին։
Ամենամտահոգիչը նախկին տարիններից չբացահայտված հանցագործություններն են¸ որոնց բացահայտման աշխատանքների ամբողջական վերանայման անհրաժշտություն է առաջացել։ Ոստիկանության պետին մտահոգում է նաև արտաքին ծառայությունների` մասնավորապես տեղամասային և անչափահասների գործերով տեսուչների¸ ինչպես նաև պարեկապահակետային վաշտի ծառայողական գործունեությունը։
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալին հանձնարարելով ակտիվացնել անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացման և կատարողական կարգապահության ուղղությամբ աշխատանքները¸ ոստիկանության գնդապետը հորդոր-պահանջ ներկայացրեց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողներին.
– Անհրաժեշտ է էական բեկում մտցնեք հասարակության կողմից ոստիկանի կերպարի ընկալման մեջ` թափանցիկ ոստիկանություն և վստահելի ոստիկան ունենալու հասարակական պահանջը մենք պետք է ապահովվենք հենց այսօր։ Ձեր բարոյական կերպարը այդ սկզբունքի իրականացման նախադրյալն է¸ -ժ- եզրափակեց ոստիկանության պետը։
Արցախի հանրապետության ոստիկանություն