Ինչպես կհարթվի ՀՀ-ԵՄ դիվանագիտական «փոխհրաձգությունը»

ՀՀ կառավարության և Եվրոպական միության պատվիրակության միջև ստեղծված թյուրընկալումը կարծես հարթվում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ՀՀ-ի և ԵՄ-ի միջև սկսված դիվանագիտական «փոխհրաձգությունն» ավարտվեց ՀՀ կառավարության պատասխանով:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը «168 Ժամի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի արած մի քանի դիտարկումներին՝ ասել էր, որ ՀՀ կառավարությունն առաջարկներ է ներկայացնելու Եվրամիությանը: Ըստ նրա՝ այդ առաջարկները վերաբերելու են Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

«Վերոնշյալ առաջարկները ներկայումս մշակման ու ներկայացման փուլում են գտնվում»,- հստակեցրել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:

Արման Եղոյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դիրքորոշումներում թյուրըմբռնում չկա: Նրա որակմամբ՝ կա երկխոսություն, աշխատանքային քննարկումներ: «Եղել է երկխոսություն Բրյուսելում, այն շարունակվել է այստեղ դեսպանի կողմից, աշխատանքն ընթացքի մեջ է»,- նշել էր Արման Եղոյանը: Մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում նա տեղեկացրել էր, որ Հայաստանը բավականին խոշոր գումարի օժանդակություն է ակնկալում Եվրամիությունից, որը նա որակել էր՝ որպես «սոլիդ»:

Հիշեցնենք, որ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե Եվրամիության քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել հեղափոխությունից հետո, և այն նույնն է, ինչ երեք-չորս ամիս առաջ, դեսպան Սվիտալսկին ասել էր, թե ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ողջ թիմով սպասում են ՀՀ կառավարության կոնկրետ առաջարկներին ու գաղափարներին այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարող են աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին: «Հարկ է հասկանալ, որ չկա փոփոխություն ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ, իսկ դուք ասում եք, որ այս հայկական գոյություն չունեցող քաղաքականությունը փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից: Կարող եք բացատրել` ինչպես համատեղել այս երկուսը»,- նկատել էր Սվիտալսկին:

«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ մեծ խնդիր չի տեսնում նման հայտարարություններում, քանի որ ՀՀ իշխանությունները դեռ նոր են սկսում աշխատել Եվրոպական միության հետ, բոլոր աշխատակարգերին ծանոթ չեն, իսկ ԵՄ-ն այս իշխանությունների հավակնություններից է անտեղյակ: Ուստի, նրա խոսքով, կուլիսներում պետք է ընթանան բաց բանակցություններ այն մասին, թե ինչ են կողմերն ակնկալում միմյանցից:

Նա նաև նշեց, որ շատ երկրներում նման փոփոխություններից հետո արտաքին քաղաքականություն է փոխվում, ըստ դրա՝ վերանայվում է երկկողմ հարաբերությունների ֆունդամենտը: Ըստ նրա՝ սա միայն ԵՄ-ին չի վերաբերում, կամ չի փոխվում արտաքին քաղաքականությունը, ինչպես այս դեպքում, ուստի հասկանալի է, որ ԵՄ-ն սպասում է հայկական կողմի առաջարկներին, քանի որ հայկական կողմը հայտարարել էր, որ արտաքին ոլորտում Հայաստանի հանձնառությունները նույնն են մնալու, բարեփոխումների փաթեթը նույնն է լինելու, հետևաբար՝ տրամաբանական դիրքորոշում էր ԵՄ-ի կողմից:

«Կարծում եմ` Եվրամիության դիրքորոշումը նման իրավիճակներում շատ պարզ կերպով շարադրել է դեսպանը, դրանից ավելի ջերմ մոտեցում չէր կարող լինել: Եվրամիությունը բաց է քննարկումների համար: Բայց մինչ առաջարկները և կոնկրետ գործողությունները՝ ԵՄ-ն, չիմանալով նաև այս իշխանության հավակնությունները, չի կարող որևէ բան առաջարկել, ուստի, կարծում եմ, որ առաջին հայտարարությունը՝ ուղղված ԵՄ-ին, թյուրընկալում էր, կողմերը չէին հասկացել միմյանց:

Ողջունում եմ, որ Կառավարությունը միանգամից կարողացավ արձագանքել և ասել, որ կլինեն առաջարկներ: Կարծում եմ` առաջարկների ներկայացումից հետո կսկսվի աշխատանք և ԵՄ-ի կողմից դիտարկում, թե ինչպիսի ծավալի աջակցություն կարող է տրամադրվել, քանի որ, որքան հասկանում եմ, խոսքը հավելյալ աջակցության մասին է, իսկ բոլոր ծրագրերն արդեն հաստատված են: Ուստի վերանայումների կարիք է առաջանալու, քանի որ այս կառավարությունը ցանկանում է բարեփոխումներ իրականացնել և միջոցներ ներգրավել, որոնք դուրս են ՀՀ-ԵՄ համաձայնագրից»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ճգնաժամ չկա: «Աշխատանքային գործընթաց է, ԵՄ-ն այս ամենը հենց այդպես էլ ընկալում է, ու այս խոսակցությունների արդյունքում ԵՄ-ն ստացավ ուղերձ, որ կլինեն առաջարկներ, ուստի ԵՄ-ն կսպասի այդ առաջարկներին»,- ասաց Չարնեցկին:

Սակայն, ըստ նրա, դժվար է ասել, թե ինչ ծավալի աջակցություն կարող է ԵՄ-ն տրամադրել Հայաստանին, քանի որ ԵՄ-ն շատ լուրջ է վերաբերվում ֆինանսական աջակցության տրամադրման հարցերին ԵՄ-ի սուղ միջոցների պայմաններում: «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ ամենալավ լուծումը կգտնեն կողմերը»,- ասաց Չարնեցկին:

Վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցության տեսանկյունից մեծ դժվարությամբ է անցում կատարում մեկ այլ` ավելի ծախսատար փուլի: Սա, նրա բնորոշմամբ, երկկողմ հանձնառություն է` ծավալուն բարեփոխումներ, նվիրված աշխատանք այդ աջակցության դիմաց:

«Վրաստանը նման շատ տարբեր փուլերի միջով է անցել, այդ աշխատանքը վերջին տարիներին երբեք չի դադարել, չի դադարել նաև Վրաստանի շարունակական աշխատանքը՝ ԵՄ-ին ապացուցելու, որ Վրաստանն արժանի աշխատանք է իրականացնում այս կամ այն աջակցությունը ստանալու համար: Ուստի, կարծում եմ, որ ՀՀ նոր իշխանություններից ևս կպահանջվի այդ աշխատանքը հաջորդ փուլ տեղափոխել: Ժողովրդավարության անցումը երկար տքնաջան աշխատանք է, դա հասկանում են նաև ԵՄ-ում, հենց այդ պատճառով էլ ժամանակ են տալիս երկրներին խորապես գիտակցելու փոփոխությունները և հասնելու դրան:

ԵՄ-ն այդքան պարզունակ կառույց չէ, որ հեղափոխությունից, իշխանափոխությունից անմիջապես հետո նոր իշխանություններին գումարներ խոստանա, ԵՄ-ի հետ աշխատանքը դանդաղ է, երկարատև, բայց արդյունավետ, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի, միանգամից չի լինելու»,- պարզաբանեց Գոգոլաշվիլին:

Նրա խոսքով՝ դրականն այն է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են բարեփոխումներ իրականացնել, որի համար ֆինանսական միջոցների կարիք է լինելու: «Ուրախալի նորություն է, որ փաստորեն նրանք տրամադրված են անել ավելին, քան նախատեսում է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք` փորձագետներս, որակում էինք՝ որպես բավականին ընդգրկուն, ծավալուն և լավ փաստաթուղթ:

Ավելիի հանձնառությունն ուրախացնում է հատկապես Վրաստանին, որը Հայաստանի հարևանն է: Իմ սուբյեկտիվ կարծիքով, սակայն, աջակցության մեծ աճ, առանց քաղաքական հանձնառության, տրամաբանական չէ: Բայց հասկանալի է նաև, որ ԵՄ-ի ուղղությամբ ավելի մեծ հավակնություններ Հայաստանի Հանրապետությունը հայտնել դեռ չի կարող, քանի որ կան միջազգային այլ պարտավորություններ ևս»,- ասաց Գոգոլաշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս