«Ռոնալդուին գնելը խենթ գաղափար էր». «Յուվենթուսի» մարզական տնօրեն
Թուրինի «Յուվենթուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչը պատմել է, թե ինչպես է ծագել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին գնելու գաղափարը:
«Այս խենթ գաղափարը ծագեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենթուս» – «Ռեալ» խաղից հետո:
Կրիշտիանուն հրաշալի գոլ խփեց մեր դարպասին, իսկ մեր երկրպագուները սկսեցին ծափահարել նրան:
Մենք հանդիպել ենք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ այդ խաղից օրեր անց: Նա պատմեց, որ Ռոնալդուն զարմացել էր երկրպագուների նման պահվածքից: Նա տպավորված էր և նշել է, որ ցանկանում է մի օր խաղալ թուրինյան ակումբում: Այդ ժամանակ ես ասացի, որ կան շատ երազանքներ, որոնք իրականանում են:
Որոշ ժամանակ անց մենք կրկին հանդիպեցինք Մենդեշի հետ: Նա նկարագրեց մեզ իրավիճակը, և մենք գործի անցանք:
Մենք խոսեցինք ակումբի նախագահի հետ: Մի քանի ժամ շփումից հետո նա մեզ ասաց, որ պետք է փորձել: Ռոնալդուին գնելը խենթ գաղափար էր:
Սա մեզ համար բացառիկ հնարավորություն էր՝ գնել մի ֆուտբոլիստի, ով ճանաչվել է լավագույնն աշխարհում:
Երբ բանակցություններ են ընթանում այսպիսի մեծ ակումբների միջև, միշտ կա երրորդ կողմը՝ ֆուտբոլիստը, ով պետք է վերջնական որոշում կայացնի: Կարևոր են նաև գործակալները, ովքեր հնարավոր դարձրին այս տրանսֆերը»,- նշել Պարատիչը:
Սիրարփի Աղաբաբյան