
ԵՄ-ն կարող է Google-ին ռեկորդային գումարով տուգանել հակամենաշնորհային խախտումների համար. FT

Եվրամիության իշխանությունները կարող են հուլիսի 18-ին Google ընկերությանը ռեկորդային գումարով տուգանել շարժական գործառական համակարգերում գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Տուգանքի գումարը, թերթի տվյալներով՝ կարող է զգալիորեն գերազանցել 2,4 միլիարդ եվրոն, որով Եվրահանձնաժողովն անցյալ տարի Google-ին տուգանեց Google Shopping ծառայության առանչությամբ որոնիչների շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար:
Մրցակցության եվրակոմիսար Մարգրետե Վեստագերն, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, հանգել Է այն եզրակացության, որ ԱՄՆ-ի ընկերությունն օգտագործում է անօրինական մեթոդներ՝ սմարթֆոններ արտադրողներին հարկադրելով նախապես տեղակայել ծառայություններ եւ հավելվածներ, ինչպիսին է Chrome ինտերնետ-բրաուզերը:
Եվրահանձնաժողովը եզրակացրել է, որ նման պրակտիկան ամրապնդել է Google-ի գերիշխումը ընդհանուր որոնման մեջ, սահմանափակել է մնացած շարժական բրաուզերների ունակությունը մրցակցելու Chrome-ի հետ եւ խանգարել է այլ գործառական համակարգերի հայտնվելուն, տեղեկացրել են իրադրությանը ծանոթ անձինք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: