
Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն. այն միակը չէ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում:
Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին:
Յուրի Խաչատուրովի ներկայացրած վերջին հայտարարագրերից որեւէ մեկում նշված չէ, որ նա ունի անշարժ կամ շարժական գույք: Դրանց մասին տվյալ չկա նաեւ Խաչատուրովի կնոջ՝ Սվետլանա Խաչատուրովայի հայտարարագրում:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այս առանձնատունը Խաչատուրովներին պատկանող միակը չէ: Սա նշանակում է, որ եթե Խաչատուրովներն ունեն առանձնատուն եւ այլ անշարժ գույք, ապա այդ գույքը ձեւակերպած չէ վերջիններիս անուններով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: