Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է, իսկ Վիգեն Սարգսյանը՝ ոչ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը Պնախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016թ. հոկտեմբերը, իսկ դրանից հետո` մինչեւ 2018թ. մայիսը, նախարարը ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն էր: Ու չնայած գործն առնչվում է նաեւ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին, սակայն ՊԵԿ-ում նրան հարցաքննության չեն հրավիրել:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Քննություն է ընթանում, չեմ կարող բացահայտել: Իսկ Ձեր մատնանշած անձի վերաբերյալ եթե չունեք տեղեկատվություն, ինչու պետք է կանչենք հարցաքննության: Չունենք որեւէ տվյալ: Ընդհանուր առմամբ, նույնիսկ մենք մեր նկատմամբ պետք է լինենք խիստ»:
Այնուամենայնիվ, զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է Վ. Սարգսյանի հետ կապված տեղեկատվություն չլինի, եթե նա մաս է կազմել կոռումպացված ռեժիմի. իրոք չարաշահումներին չի՞ առնչվել, որ անգամ վկայի կարգավիճակով չեն հարցաքննել, թե՞, այնուամենայնիվ, աշխատել է շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդով:
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ առնչություն ուներ կատարվածին, որ հրավիրվեց հարցաքննության, եւ հիմա անձամբ նրա դեմ կա՞ն փաստեր, թե՞ ինքն էլ տեղյակ չէր կատարվածից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: