«Մեր միջին աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, ինքն աշխատողներին 70 հազար դրամ է տալիս, դրա համար նման բան է կազմակերպում». Ալֆրեդ Աբեդի
«ARMOIL» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց ընկերության դեմ սկսված արշավը, բարձրացված բնապահպանական հարցերն անհիմն են։ Նա նախ ներկայացրեց իրենց ընկերության գործունեությունը։
«2014 թ. սկսեցինք մեր աշխատանքները, հետո փորձեցիքն վառելիքի շուկայում ներկա լինել, ներմուծեցինք դիզվառելիք, որը պատճառ դարձավ գնանկման, թեպետ մեր գործընկերներից՝ մեր և հաճախորդների հանդեպ սպառնալիքներ եղան, բայց մենք մեր գործը շարունակեցինք, կարողացանք գներն իջեցնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մասնակցել են նաև կառավարության կողմից հայտարարված մրցույթներին։
«Դրանից հետո մեր խոչընդոտները սկսվեցին: Մեզ սերտիֆիկատ չտվեցին 140 ցիստեռն սահմանին կանգնած մնաց, ոչ ոք մեզ պատասխան չտվեց: Հետո մենք դիմեցինք կառավարությանը՝ հասկանալու համար, թե ինչու է այս անօրինականությունը։ Մենք հանդիպում ունեցանք Կարեն Կարապետյանի հետ, որը հանձնարարեց վարչապետին կից քննչական մարմնին, որ հետևի այդ հարցին։ Նրանք անմիջապես զբաղվեցին այդ հարցով, բայց հետո նրանց հետ էլ կապը կորցրինք»,- նշեց նա։
Նա պատմեց, որ մի շարք դժվարություններ են ունեցել սերտիֆիկատների տրամադրման հետ կապված, կրել են խոշոր վնասներ, որոնց արդյունքում Թուրքմենստանում ընկել են սև ցուցակ, որտեղից ներկրում էին վառելիքը.
«Մոտ երկու միլիոն դոլար հայկական շուկայում վնաս ունեցանք, որովհետև, երբ ապրանքը կտրվեց, գումարները մնացին օդում, և մեզ հետ համագործակցող հայկական ընկերությունները սնանկացան: «ARMOIL» ընկերության գործունեությունը որոշեցինք դադարեցնել: Մեզ համար դժվար էր, մեր բոլոր ներդրումները հայրենասիրական նպատակներով են եղել, ապրիլյան պատերազմին մասնակցել ենք, մեր ներդրումն ենք ունեցել, համահայկական հիմնադրամին 1,3 մլն դոլարի ներդրում ենք արել»։
Նա ասաց, որ իրենց խնդրին ուշադրություն է դարձրել միայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը.
«Ծառուկյանի հետ ենք սկսել համագործակցել, նա ասել է, որ անշահախնդիր կօգնի։ Ծառուկյանը մեզ շատ լավ ընդունեց, հավասար չափով ներդրումներ կատարեց և պատճառ դարձավ, որ մեր գործը նորից ընթացք ստանա»։
Հիմա էլ ընկերության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում՝ պատճառաբանելով, թե բնապահպանական վնասներ է հասցնում շրջակա միջավայրին.
«Սկսեցինք մեր ախատանքները տանել, մինչև հանդիպեցինք բնակիչների դժգոհությանը, որոնց բացատրել ենք, որ նավթի գործարան չենք կառուցում: Մեր գործարանում երեք հազար քառակուսի մետրից ավելի կանաչապատ տարածք է պատրաստվում, հարյուր հազար դոլարի չափով կանաչ տարածքի վրա ծախս է արվում:
Խնդիրն այն է, որ «Սեմուր & Co» ընկերության տնօրեն Վիրաբյանը նախապես համաձայնություն էր տվել, որ այդ տարածքում գործունեություն ծավալենք, հիմա արդեն բնակիչներին հրահրում է մեր դեմ։ Նրան առաջարկ ունեմ՝ որոշ բաներ սովորել է՝ «դուխով» գլխարկ դնելը, բայց մոռանում է, որ, երբ պարոն Փաշինյանը «դուխով» գլխարկ էր դնում, բայց ժողովրդին սպառնալիքով չէր հանում փողոց, չէր նստում գրասենյակում, հետո ժողովրդին հանում արևի տակ: Մենք հայտարարեցինք, որ մեր միջին աշխատավարձը կազմում է 250 հազար դրամ, ինքն աշխատողներին աշխատեցնում է 70 հազար դրամով: Դա խնդիր էր լինելու իր համար, դրա համար նման բան է կազմակերպում»։
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանն էլ ասաց, որ կա սանիտարապաշտպանիչ գոտի, իրենց մոտ լինեու է կանաչ արտադրություն.
«Մեզ մոտ լինելու է քսայուղերի արտադրություն, մենք ոչ թափոն ունենք, ոչ արտանետում, իսկ արտանետում ինչ ունենք, շատ բարձր ջերմաստիճանի տակ այրվում է: Կոյուղագիծ չկա մեր 28 հազար քմ տարածքում: Մենք դիմել ենք Բնապահպանության նախարարությանը, դիմել ենք ԱՆ, որպեսզի վերանայեն այդ սանիտարապաշտպանիչ գոտին»։
Ըստ բանախոսների՝ ընկերության դեմ բողոքի ակցիաներ իրականացնողներից մեկ-երկուսն են այդ թաղամասի բնակիչներ։
«Ճանապարհը, որ փակել էին, հարց տվեցինք ՝ Նատի թաղամասից քանի՞ հոգի մարդ կա, երկու հոգի են ձեռք բարձրացնում, մնացածն աշխատում էին կողքի հիմնարկություններում: Այդ բնակչությանը հանդիպել ենք, բացատրել, երաշխիքներ ասել, բայց իրենք չգիտեին՝ ինչու են դուրս եկել»,- եզրափակեց Արայիկ Կեսոյանը։