Բաժիններ՝

«Ձեր նշած անձնավորությունը քանի-քանի անգամ փորձել է դառնալ միության նախագահ, չի ստացվել». Նկարիչների միության նախագահ

«Ես տարիներ առաջ ստեղծեցի երիտասարդական միավորում. դրա իմաստն այն էր, որ կամաց-կամաց նրանք մոտենան ու ներսից ճանաչեն միությունը, որ կարողանան վաղը փոխարինեն մեզ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ դուք արդեն 20 տարի էմիության նախագահն եք, ու միության շատ անդամներ, այդ թվում նաև՝ Հաղթանակ Շահումյանը, դժգոհություններ են հայտնում ձեր պաշտոնավարման վերաբերյալ, Կ. Աղամյանն այսպես արձագանքեց. «Առաջին անգամ, երբ Նկարիչների միությունում հավաքվեցին մոտ 15 և՛ տարեց, և՛ երիտասարդ անդամներ, ես քաղաքում չէի։ Երբ վերադարձա, հանդիպեցի իրենց, որևէ ստույգ բան չասվեց։ Ասում էին՝ «մենք ժամկետ ենք տալիս, հեռացեք»։ Որպես ի՞նչ։ Նկարիչների միության անդամների քանակը 700-ից ավելի է, և ես քանի անգամ ընտրվել եմ միայն այն պատճառով, որ ստացել եմ 80 տոկոսից ավելի ձայն։ Ձեր նշած անձնավորությունը քանի-քանի անգամ փորձել է դառնալ միության նախագահ, չի ստացվել։ Մի անգամ 7 ձայն է ստացել, մյուս անգամ՝ մի քիչ ավելի։ Ես ուզում կոնկրետ հասկանալ՝ ի՞նչն էր բողոքը»։

Հարցին՝ չե՞ք կարծում, որ ժամանակն է ձեր տեղը զիջելու, Նկարիչների միության նախագահն այսպես պատասխանեց. «Սրանից 5 տարի առաջ ես մտածում էի, որ բավական է, որովհետև ես ստեղծագործելու կարիք եմ զգում, ու ինչ-որ չափով սա ինձ խանգարում է, բայց նույն ձեր նշած մարդիկ այնպիսի հերյուրանքներ տարածեցին իմ մասին, որ ես չէի կարող այդպես թողնեի, ստիպված նորից դիմեցի, նորից 80 տոկոս ձայն հավաքեցի։ Այս անգամ ես որոշել եմ, որ երիտասարդներից մեկը պետք է շարունակի այն գործը, որը ես սկսել եմ։ Պարզապես, երբ 20 տարի առաջ ես դարձա Նկարիչների միության նախագահ, մենք չունեինք այն դահլիճները, որ այսօր ունենք, մենք չունեինք Նկարիչների միության շենքի սեփականության թուղթ, մենք կորցրել էինք մեր ունեցվածքի զգալի մասը»։

Կ. Աղամյանը նշեց, որ դեռ ժամանակ կա, կմտածի առաջադրվել-չառաջադրվելու մասին, բայց նախ պետք է տեսնի՝ ովքեր են փոխարինելու իրեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս