Բաժիններ՝

«Եթե դուք չեք կարողանում 2 տարեկան երեխայի գտնել, լուրջ հանցագործների ինչպե՞ս եք գտնելու, Ոստիկանություն»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր վստահորդ Նիկոլ Պարազյանի երեխաներին առևանգել են, իսկ պետական մարմինները որևէ գործողություն չեն իրականացնում.

«Այս տարվա ապրիլին իմ վստահորդի նախկին ամուսինը երկու երեխաներին տարել էր իր տուն, որից հետո վերադարձրել էր մեկին։ Մեծ երեխային՝ 6 տարեկան Նարեկին, նա տեղափոխել է Ռուսաստան, և այդ երեխայի ճակատագիրն անհայտ է։ Մյուս երեխային մայիսի սկզբին առևանգեցին Հյուսիսային պողոտայից և երկու ամիս տեղյակ չէին՝ ինչ է կատարվում։ Այս դեպքերի վերաբերյալ ներկայացվել են հաղորդումներ հանցագործության մասին, որոնք ընթացք չեն ստանում, գործերի հարուցումը մերժվում է, բողոքարկումները որևէ օգուտ չեն բերում, Դատախազությունն ու Քննչականը պարզապես լուռ են։

Միայն փոքր երեխայի՝ Աշոտի առևանգման մասով հարուցվել է քրեական գործ, այն էլ մի շատ տարօրինակ հոդվածով՝ ՔՕ 167-րդ հոդվածով՝ ծնողներից երեխային ապօրինաբար հեռացնելու վերաբերյալ, որը կիրառում չի ունեցել։ Քանի որ օրենքում գրված է՝ ծնողներից, իսկ ենթադրվում է, որ հայրն է երեխաներին տարել, որևէ ընթացք այդ գործերը չեն ստանում»։

Փաստաբանի խոսքով՝ իրավապահ մարմինները որևէ քայլ չեն կատարել, և միայն ընտանիքի ջանքերի շնորհիվ է հաջողվել պարզել 2 տարեկան երեխայի տեղը. «Չարենցավանում էին պահում երեխային, վատ պայմաններում, երեխային սովորեցրել էին, որ օտար կնոջը «մամա» ասի, այսինքն՝ ամբողջությամբ մորից պետք է կտրեին։ Ընտանիքը 2 օր պաշարել էր այդ բնակարանը, ոչ մի պետական մարմին գործուն աջակցություն ցույց չտվեց, և միայն այդ աղմուկի, ընտանիքի համառության հետևանքով հաջողվեց, որ հարկադիր կատարողները թույլտվություն ստանան դատարանից և մուտք գործեն այդ բնակարան, որտեղ երեխան պահվում էր ամուսնու հեռու բարեկամների կողմից։

Կարդացեք նաև

Այդ փոքրիկն ապօրինի զրկվել էր ազատությունից։ Այդ ընթացքում ամուսնու բարեկամների կողմից ընտանիքը ենթարկվել է բռնության, հաղորդում է ներկայացվել դրա մասին, առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու մասին, բայց նորից՝ ոչ մի ընթացք»։

Քաղաքացի Նիկոլ Պարազյանը նշեց, որ մեծ երեխայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, և պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել ամեն ինչ.

«Այս հարցը միայն պետական մարմինների անգործության պատճառով է հասել այս աստիճանի, որ ես ստիպված եմ բարձրաձայնել։ Երկու երեխաներիս նախկին ամուսնուս պատվերով առևանգել են, մեկ երեխայիս նա է խաբեությամբ տարել։ Եթե դու ունես փաստաթուղթ, ապա առանց որևէ լիազորագիր ունենալու՝ կարող ես պետությունից դուրս հանել։ Դա շատ մեծ խնդիր է, երեխաներին կարող են այլ անձինք երկրից դուրս տանեն։

Այս դեպքում իմ նախկին ամուսինն է եղել այդ անձը, բայց դուք անարգել կարող եք ուրիշի երեխային էլ տանել։ Երկրորդ դեպքը՝ մայիսի 5-ին Հյուսիսային պողոտայից երրորդ անձ օրը ցերեկով առևանգել է իմ երեխային, և երկու ամսից ավելի իրավապահ մարմինները որևէ քայլ չէին արել՝ երեխայիս գտնելու համար։ Եթե դուք չեք կարողանում երկու տարեկան երեխայի գտնել, լուրջ հանցագործների ինչպե՞ս եք գտնելու, Ոստիկանություն։ Ես գտա իմ երեխայի պահման վայրը, ընտանիքիս հետ գնացինք Չարենցավան, երեխաս երրորդ անձանց մոտ էր»։

Նիկոլ Պարազյանն ասաց, որ Ոստիկանություն հաղորդում են ներկայացրել, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, սահմանադրական իրավունքների ոտնահարում է տեղի ունենում, բայց դա, ըստ նրա՝ Ոստիկանությանը չի հետաքրքրել։

Նա նաև նշեց, որ ամուսնուն թույլ է տվել տեսակցել երեխաների հետ, անձամբ է նրանց տանել ՌԴ՝ ամուսնու մոտ. «Մեր պահանջը հիմա այն է, որ երեխաներին առևանգած մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս