«Ելքը» դաշինքո՞վ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ելք» դաշինքը դեռևս չի քննարկել, թե ինչպես է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Պետք է սպասել այն ժամկետներին, որ ՀՀ կառավարությունը կրճատի Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը։ Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, և որոշում կկայացնենք, թե ինչպես մասնակցել»,- ասաց նա։

Ըստ Է.Մարուքյանի՝ ավագանիում ամենաակտիվ գործողը «Ելք» խմբակցությունն է եղել, որի համար ինքը շատ հպարտ է։ Նրա խոսքով՝ տարբերակները շատ են, կարելի է դաշինքը պահպանել և ընտրությունների գնալ դաշինքով, նաև կարելի է գնալ առանձին-առանձին. «Երկու պարագայում էլ ես հնարավորություններ տեսնում եմ»։

Ամեն դեպքում, Մարուքյանի կարծիքով, նախընտրելի է դաշինքը պահպանել։ Հարցին՝ դա կախված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունի՞ց, պատգամավորը պատասխանեց, թե կախված է դաշինքի բոլոր անդամներից։

Կարդացեք նաև

Է.Մարուքյանի խոսքով՝ անկախ դաշինքի որոշումից՝ «Լուսավոր Հայաստանը» կմասնակցի ավագանու ընտրություններին. «Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին-առանձին մասնակցություն, բնականաբար, ապագա համագործակցության տեսլականով»։

Հարցին՝ եթե խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարցում դաշինքը կոմպրոմիսի չհանգեց, ավագանու ընտրությունների հարցում դա կհաջողվի՞, Մարուքյանը պատասխանեց, որ ԱԺ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվում, որ լինի կոմպրոմիս, դա ետ է մղվել ավելի կարևոր հարցեր քննարկելու համար, իսկ ավագանու դեպքում կա ժամկետների սահմանափակում, և մոտակա 2 շաբաթների ընթացքում կլինի քննարկում ու որոշում։

Տեսանյութեր

Լրահոս