
«Տեսեք, միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ է աշխարհում առկա միջուկային զենքի 90 տոկոսը». Թրամփ

Միջուկային հիմնախնդիրն ամենակարեւորն է արդի աշխարհում եւ այն լուծելիս անհրաժեշտ է զգուշություն դրսեւորել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս մասին հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքները։
«Աշխարհում ամենակարեւոր հիմնախնդիրն այժմ միջուկայինն է,- հայտարարել է նա:- Ես գիտեմ, որ նախագահ (Բարաք) Օբաման որպես հիմնական խնդիր է համարել գլոբալ տաքացումը, սակայն ես կասեի ո՛չ, մեր հանդեպ ծառացած հիմնախնդիրներից ամանախոշորն ավելի ու ավելի թեժ դարձող միջուկային հիմնախնդիրն է, որը 5 միլիոն անգամ ավելի կարեւոր է: Միջուկային խնդիրները լուծելիս մենք պետք է զգուշություն դրսեւորենք: Տեսեք, միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մոտ է աշխարհում առկա միջուկային զենքի 90 տոկոսը»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ իրեն հայտարարել է, որ «ցանկանում է աջակցություն ցույց տալ այն բանում, ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային»: «Բայց մենք հաջողությամբ ենք վարում գործերը Հյուսիսային Կորեայի հետ, այնպես որ ժամանակ ունենք,- շարունակել է նա:- Շտապելու անհրաժեշտություն չկա, հիմնախնդիրը պահպանվել է շատ տարիների ընթացքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: