«Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են». Տիգրան Բալայանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
«Սա ճանաչողական հանդիպում էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով օրերս Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։
Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, որ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել. «Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ Ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ կա, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ «պաուզա» պետք է վերցնել և դրանից հետո նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա։ Ե՛վ վարչապետ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Մնացականյանն են ընդգծել, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի ապահովման սկզբունքով ենք մենք առաջնորդվում»։
Դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի հռչակագրի գնահատականների հետ կապված բավականին իրարամերժ տեսակետներ կան, Տ. Բալայանն ասաց, որ ինքը տեղյակ է այդ մեկնաբանություններին և գնահատականներին.
«Բայց նաև չեմ ուզում այստեղ զբաղվել լեզվաբանական վերլուծություններով։ Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Սա այն է, ինչ ասում ենք մենք»։
Տ. Բալայանն ասաց, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով։ Նա ընդգծեց, որ խոսքը առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին է։