
«Ռոնալդուն «Ռեալին» տվել է կյանքի լավագույն տարիները». դել Բոսկե

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը մադրիդյան ակումբից թուրինյան «Յուվենթուս»:
«Ռոնալդուն «Ռեալին» նվիրել է իր կյանքի լավագույն տարիները, ես դրանում ոչ մի կասկած չունեմ: Նա արժանի է ամբողջ աշխարհի հարգանքին: Վաղ թե ուշ այդ պահը տեղի էր ունենալու: Ֆուտբոլում մի մարդ գնում է, իսկ մյուսը գրավում է նրա տեղը»,- դել Բոսկեին է մեջբերում Marca-ն:
Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 9 մրցաշրջան՝ իսպանական ակումբ տեղափոխվելով 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»:
Պորտուգալացին դարձավ «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն՝ անցկացրած 438 խաղերում դառնալով 451 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը