Բաժիններ՝

«Վարձով է տրվում» ֆիլմը` «Ոսկե ծիրան»-ի խաղարկային բաժնում

Հնդիկ ռեժիսոր, արձակագիր, բանաստեղծ և օպերատոր Չեժիյան Ռամալինգամի «Վարձով է տրվում» կինոնկարն արծարծում է Հնդկաստանում բնակարան վարձելու խնդիրները: «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի խաղարկային մրցույթին մասնակցող ֆիլմի ռեժիսորը հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր երկրում միավորվում են մի քանի ընտանիք մեկ բնակարանում ապրելու համար: Հաճախ մեկ տան մեջ հաստատվելու համար երեսուն մարդ է հերթագրվում` ներկայացնելով իր կրոնը, կաստայական պատկանելիությունը, անգամ բուսակեր լինելը:

Չեժիյան Ռամալինգամը փաստեց, որ Հնդկաստանում հաստատված միջազգային ընկերությունների աշխատողները դոլարով են վարձատրվում, իսկ տեղացիները հնդկական ռուփիով են վճարվում: «Բնակարանների վարձը չափազանց բարձր է, և դրանք հասնում են օտարներին, իսկ տեղացները հեռանում են արվարձաններ»,-պատմեց նա:

Ֆիլմի սյուժեն ծավալվում է մի ընտանիքի կյանքի ու ապրած ժամանակի շուրջ: Նրանք բնակվում են մի ննջարան ունեցող վարձու բնակարանում: Համեստ ձգտումներ ունեն և անշուք երազանքներ: Տանտիրուհին, որն ագահության մարմնացում է, ուզում է բնակարանը վարձով տալ ուրիշին, ով ավելի շատ կվճարի: Տեղեկանալով վտարման մասին` Իլանգոն ստիպված է իր աղքատիկ եկամտին համապատասխան բնակարան փնտրել: Նա կնոջ ու տղայի հետ բնակարանի փնտրտուք է սկսում՝ պարզելով, որ տարբեր դասի ու շերտերի պատկանող մարդկանց տարատեսակ, հեռու կամ մոտ վարձու բնակարանների դռները կանխավ փակ են իր առաջ: Ծայրահեղ հուսահատ վիճակում նա ի վերջո որոշում է իր ինքնությունը կեղծել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս