
«Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի». Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Նա նշել է, որ մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։
«Ղարաբաղի հարցում մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։ Ցավոք, նրանք այդ ուղղությամբ չեն կարողանում անել կամ չեն անում անհրաժեշտ քայլերը։ Եվ, ցավոք, դրա համար էլ այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում»,-ասել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ իրենք բոլոր միջազգային հարթակներում՝ կլինի ՆԱՏՕ, թե այլ հարթակ, Ղարաբաղի հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին։
«Այս հարցում մենք երբեք նրանց (Ադրբեջանին-խմբ.) մենակ չենք թողել և չենք թողնի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը առաջինը մեկնեց Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն։