
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով և պրոֆեսիոնալիզմով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցի շրջանակում Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խոշտանգումների կանխարգելման, ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքը:
Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի դերն ընտրական գործընթացում և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում: Պաշտպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին է ներկայացրել նաև իր աշխատանքի նոր սկզբունքներն ու մեթոդներն իրավական ակտերի կատարելագործման և մարդու իրավունքների կրթության ոլորտում:
Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ տպավորված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքով ու պրոֆեսիոնալիզմով: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելի խորացնել համագործակցությունը մարդու իրավունքներին առնչվող հարցերում: