Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն ավարտվել է, նույնը սպասվում է նաև խորհրդարանի կողմից. դեսպան

Ֆրանսիայի կառավարության կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման փուլն արդեն իսկ ավարտվել է: Առաջիկայում խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Թևակոխում ենք արդեն Ֆրանսիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացման փուլ: Բավականին ծավալուն համաձայնագիր է, որը միտված է խթանելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացմանը»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ դրանում ոլորտային համագործակցության բազում հնարավորություններ կան:

Նրա կարծիքով՝ համագործություն կարող է լինել, մասնավորապես, բնապահպանական, սպառողների իրավունքների և այլ ոլորտներում:

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Համաձայնագիրը վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը:

Հունիսի 7-ին համաձայնագիրը վավերացրել է նաև Լեհաստանի Սեյմը:

Տեսանյութեր

Լրահոս