Բաժիններ՝

Փաստաբանների պալատի հայտարարությունը` փաստաբան Էդուարդ Մանասյանին կալանքի տակ պահելու կապակցությամբ

Փաստաբան Էդուարդ Մանասյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329.1-րդ (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար:

Էդուարդ Մանասյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

Քրեական գործը հանձնվել է դատարան: Էդուարդ Մանասյանն առ այսօր գտնվում է կալանքի տակ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն, այն է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Էդուարդ Մանասյանի պաշտպանի պնդմամբ նշված հիմքերն առկա չեն:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեական գործն արդեն հանձնված է դատարանին, ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը փաստաբանին անհարկի կալանքի տակ պահելու կապակցությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով, բացի կալանավորումից, նախատեսված են նաև այլ խափանման միջոցներ: ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ անազատության հետ կապ չունեցող խափանման այլ միջոցները նույնպես կարող են ապահովել մեղադրյալ Էդուարդ Մանասյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս