
«Նա հո չի՞ փախել». Միքայել Հարութունյանի կինը՝ ամուսնու մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին:
«Նա զինվորական է, նա կատարել է իր պարտականությունները»,- դեռ հարցը չլսած հայտարարեց Միքայել Հարությունյանի կինը, ապա հավելեց. «Այնտեղ չի եղել կրակելու տեսագրություն… Ով դա արել է, նա պետք է…»,- այս բառից Սվետլանա Հարությունյանի խոսքը մի պահ ընդհատվեց՝ խոսափողի անջատվելու պատճառով:
Սվետլանա Հարությունյանի՝ կրակոցների մասին արված արտահայտությունը, հավանաբար վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ցուցարարները դուրս էին գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա եւ նորից անցնում ավտոբուսների հետեւը: Քոչարյանը նաեւ նշել էր, որ կան իր ասածներն ապացուցող տեսանյութեր:
«Դուք հասկանու՞մ եք, որ ես դա չեմ կարող անել, եւ ոչ մի իրավունք չունեմ: Այս ամենն անսպասելի եղավ: Դուք հասկանո՞ւմ եք, ես տարիքով մարդ եմ, ես կյանք եմ անցել, ես 49 տարի ապրում եմ այս մարդու հետ: Եվ այսօր…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- շարունակեց Հարությունյանի կինը:
Վերջինս նշեց, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին. «Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց եւ մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնեւսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: