«Ըտենց մարդ չկա, որ ինձ մերժի». 47-ամյա տղամարդը կիսակառույցում դանակահարել է տանգո պարելու առաջարկը մերժած կնոջը
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 47-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ կնոջ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքում:
Դատավճռով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք 50.000 (դրամ գումարի չափով: Քաղաքացիական հայցը բավարարվել է, ամբաստանյալից հօգուտ տուժողի կբռնագանձվի 200.000 դրամ գումար:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով այն բանի համար, որ նա կիսակառույց տանը, խնջույքի ժամանակ, միասին տանգո պարելու իր առաջարկը մերժելու պատճառով տուժող կնոջը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է նրա որովայնի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Ըստ դատական ակտի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել ցուցմունք տալ:
Նախաքննության ընթացքում ամբաստանյալ տղամարդը ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողին ճանաչում է շուրջ 6-7 տարի տարի, նրա հետ ծանոթացել է իր ընկերուհու միջոցով, ունի նորմալ հարաբերություններ:
Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը կիսակառույց տանը ոգելից խմիչք է օգտագործել, ունի նաև հոգեկան խնդիրներ, և այդ ժամանակ տուժող կնոջն առաջարկել է տանգո պարել, նա հրաժարվել է: Ինքն այդ հրաժարումից գժվել է ու սեղանի վրայից վերցրել մի գազարագույն պոչով խոհանոցային դանակ ու մեկ անգամ հարվածել նրա որովայնի շրջանին: Ինքն այդ ամենը գիտակցաբար չի արել, ուղղակի նյարդայնացել է նրա մերժումից: Նրան հարվածելուց հետո ինքը դանակը թաքցրել է այդ տան լվացարանի մոտ, որը ներկայացրել է ոստիկանության աշխատակիցներին: Հայտնել է, որ զղջում է կատարածի համար և խնդրել է մեղմ վերաբերվել: Քաղաքացիական հայցի դեմ չի առարկել, հայտնել է, որ վճարումը կարող է կատարել մաս-մաս:
Ըստ դատական ակտի՝ տուժող կինը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ ամբաստանյալի հետ ծանոթացել է իր ընկերուհու միջոցով, նրա հետ ծանոթանալուց հետո շփվել են՝ որպես ծանոթներ, ճանաչել է նաև նրա ընտանիքին:
Դեպքի օրը Պոպոքանոց կոչվող թաղամասում սեղան են գցել ու նստել հացի, որի ժամանակ ինքը ոգելից խմիչք չի օգտագործել, մնացած բոլորը խմել են օղի և կոնյակ: Ամբաստանյալը մոտեցել է իրեն ու հրավիրել է տանգո պարելու, սակայն ինքը մերժել է, ասելով՝ չի ցանկանում պարել: Ներկաներից մեկից էլ մերժում ստանալուց հետո մոտեցել է իրեն ու ասել, որ վերջին անգամ է ասում, որ իր հետ պարի, սակայն ինքը կրկին մերժել է, և նա այդ ժամանակ գրպանից ձեռքը հանելով՝ հարվածել է իր որովայնի շրջանին ու փախել:
Սկզբնական շրջանում չի հասկացել, որ իրեն դանակով է հարվածել: Հետո գնացել է պետքարան, երբ վերադարձել է այնտեղից, տղաներից մեկը գոռացել է, որ իր որովայնի շրջանում արյուն է, ու հասկացել է, որ ամբաստանյալն իր որովայնի շրջանին դանակով է հարվածել, որից հետո այնտեղ գտնվող անձինք իրեն օգնություն են ցույց տվել: Այդ պահին ամբաստանյալը նորից ներս է մտել՝ գազարագույն բռնակով դանակը ձեռքին, ու ասել՝ «ըտենց մարդ չկա, որ ինձ մերժի», «խփել եմ, մինչև վերջ պիտի խփեմ», ու եկել է դեպի իրեն: Տղաները պաշտպանել են իրեն: Տաքսի են կանչել, նստել է և միայնակ գնացել է հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:
Սկզբում չի ասել, թե ով է իրեն հարվածել, սակայն դեպքից երեք օր հետո ամբաստանյալը եկել է հիվանդանոց, մտել է հիվանդասենյակ և ասել, որ, եթե պարեր, ինքը չէր հարվածի: Այդ լսելով՝ իր երեխաները և քույրը սկսել են վիճել ամբաստանյալի հետ: Բժիշկները սենյակից ամբաստանյալին դուրս են հանել, ոստիկաններն էլ հիվանդանոցից նրան տարել են: