
Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի հետ Հայաստանում առևտրի ֆինանսավորման խթանման նպատակով

Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:
Արդշինբանկը միացել է ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին 2018 թվականի մարտին: Համաձայն պայմանագրի և Արդշինբանկի պատվերով, ՄՆԲ-ն թողարկում է անհետկանչելի ռամբուրսային պարտավորություններ եվրոպական առաջատար բանկերի օգտին գործարքի հիմքում ընկած ֆինանսական գործիքի անվանական գումարի 100 տոկոսի չափով:
ՄՆԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագիրը թույլ է տալիս Արդշինբանկին ավելի ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` այսպիսով նպաստելով առավել մրցունակ պայմաններով կայուն նախագծերի ֆինանսավորմանը:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:
Միջազգային ներդրումային բանկը զարգացման բազմակողմանի բանկ է, որը հիմնադրվել է 1970 թվականին: ՄՆԲ-ի անդամ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ՄՆԲ-ի ինտերնետային կայքը՝ https://iib.int/en: