
«Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում». Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին դիտավորյալ ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում և հետո միջազգային հանրությանն իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից:
«Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում: Հակառակորդն ակտիվացել է այդ ուղղությամբ՝շատ լավ իմանալով, որ Հայաստանը պետք է արձագանքի դրան: Եվ Ադրբեջանը, դա միացնելով Արցախյան հարցին, կներկայացնի, թե իբր Հայաստանը ոչ միայն Արցախի կողմից հավակնություններ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ, այլ նաև Նախիջևանի»,- ասաց Ալավերդյանն ու հավելեց՝ նման խոսակցություններ արդեն պտտվում են Ադրբեջանում:
Նրա կարծիքով, Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի կտրուկ հայտարարությունից հետո Ադրբեջանն ակտիվություն ցուցաբերեց Նախիջևանի ուղղությամբ: Այդ կերպ փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել Ադրբեջան-Հայաստան բախման մեջ: Ալավերդյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հերթական խառնակչությունն է անում: