«Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այդ հարցում շատ ճիշտ է». Գառնիկ Իսագուլյան

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը գտնում է՝ ՀՀ և Արցախի ներքին վիճակներն են ստիմուլ տալիս Ադրբեջանին, որ նա որոշակի խնդիրներ հարուցի սահմաններին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Իսագուլյանը վստահեցրեց, որ թե՛ ղարաբաղաադրբեջանական, թե՛ նախիջևանաադրբեջանական սահմաններին հայկական կողմը խնդիր չունի։

«Որևէ անգամ Ադրբեջանն իրավունք չունի հույս տածել, որ ՀՀ ներքին իրավիճակը կարող է ազդել Հայաստանի և Արցախի միասնականության վրա, ու յուրաքանչյուր խնդիր ի չիք է դառնալու, երբ հարցը վերաբերելու է սահմաններին: Երբեք չպետք է ներկայիս իրավիճակն ավելի անկայուն համարել, քանի մինչև թավշյա հեղափոխությունը, հիմա ժողովուրդն ավելի կոնսոլիդացված է իշխանությունների շուրջ»,- նկատեց Գ. Իսագուլյանը

Խոսելով շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ հայկական կողմը 11 հազար հեկտար տարածք է կորցրել, Գ. Իսագուլյանը նկատեց, որ ինչ-որ մեկը թավշյա հեղափոխությունից առաջ խոսում էր նաև 20 հազար տարածքի մասին, բայց, ըստ նրա, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը.

«Եթե որևէ մեկն իր մեջ կասկած ունի, մենք կարող են իրար հետ գնալ Արենի գյուղի հատված, ու կարող են դիտել՝ ինչ տեղաշարժերի մասին են խոսում: Այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ադրբեջանական կողմն արել է դիրքային փոփոխություններ, բայց դա արել է իրենց տարածքում: Համարժեք ձևով հայկական կողմն ավելի է լավացրել իր դիրքերը ու հիմա ավելի լավ է վերահսկում ադրբեջանական դիրքերը: Ադբեջանական հռետորաբանությունը տարբերվում է հայկականից, մենք միշտ խոսում ենք խաղաղության դիրքերից, ցանկացած խնդիր այդ համատեքստում լուծելու մասին, երբեմն թվում է՝ հայկական կողմից խաղաղասիրական ելույթները թուլության նշան են, բայց նման բան չկա, հիմա հայկական կողմը խոսում է նաև կանխարգելիչ հարվածների մասին, եթե մենք նկատենք, որ որևէ կուտակում վտանգ է ներկայացնում, ես վստահ եմ, որ կգնանք կանխարգելիչ գործողությունների»:

Անդրադառնալով Արցախը բանակցային սեղանին բերելու ՀՀ նոր իշխանությունների հայտարարություններին՝ Գ. Իսագուլյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը միշտ եղել է բանակցությունների մեջ. «Որևէ ժամանակ Արցախը բանակցությունների սեղանից չի բացակայել: Եռանախագահները միշտ այցելել են Բաքու, Երևան, Ստեփանակերտ, այսինքն՝ Ստեփանակերտի տեսակետը հնչել է, ու ՀՀ-ն միշտ հայտարարել է, որ ՀՀ-ն Արցախի կողքին է, ոչ՝ Արցախի փոխարեն: Ուղղակի Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ, համարելով, որ իրենք նաև Արցախից են, վերցրել էին այդ պարտավորությունը ու ներկայացնում էին նաև Արցախին: Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասաց՝ ինչու նրանք կարող էին, բայց ինքը չի կարող: Նա իրեն իրավունք չի վերապահում, որ Արցախի անունից խոսի: Արցախի ժողովուրդն իր մանդատը տվել է Արցախի իշխանություններին, ու Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այդ հարցում շատ ճիշտ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս