«Ի պաշտոնե ես իրավունք չուեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան մյուս զինվորների». Նիկոլ Փաշինյանը որդուն բանակ է ուղարկում
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորակոչվում է բանակ։ Հիշեցնենք, որ Ա. Փաշինյանը դիմում է գրել՝ ԼՂՀ-ում ծառայելու համար։
Զորակոչի ժամանակ Ն. Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հպարտություն է զգում, որ տղան գնում է բանակ ծառայելու։
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք արդյունք տվեցին վարչապետի այն կոչերը, որ ծնողներն իրենց ծառայող որդիներին տնից պետք է հագուստ և ուտելիք չուղարկեն, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ մասամբ արդյունք տվել է, բայց դեռ աշխատելու տեղ կա։
«Այն ապահովումը, որ դրված է պետության վրա, պետությունը պետք է լիարժեք կատարի, դա չի նշանակում, որ ծնողները չեն կարող միս վերցնել, գնալ իրենց տղային տեսնելու, խորոված անել և այլն»,- նշեց վարչապետը՝ հստակեցնելով, որ զինծառայողի ծնողի համար սոցիալական նոր բեռ չպետք է լինի։
Հարցին՝ այն, որ ձեր տղան այս լարված իրավիճակում ծառայելու է ԼՂՀ-ում, ձեզ չի՞ մտահոգում՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ոչ ավել, քան մեր բանակի մյուս զինվորներրի կապակցությամբ ունեցած մտահոգությունը։ Կարծում եմ՝ ի պաշտոնե ես իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան մյուս զինվորների»։