Բաժիններ՝

Ուրուգվայ-Ֆրանսիա. ո՞ր ֆավորիտը կլինի կիսաեզրափակչում

Ֆրանսիայի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ-ում ցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը՝ հնարավորություն չտալով Արգենտինային: Ի՞նչ կկարողանա համադրել սրան Ուրուգվայի հավաքականը:

Ուրուգվայ

Ուրուգվայը խմբային փուլում չցուցադրեց իր լավագույն ֆուտբոլը, սակայն չունեցավ ոչ մի խնդիր: Ինչպես փորձագետները կանխատեսում էին մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը՝ Ուրուգվայի հավաքականը մեծ վստահությամբ դուրս եկավ A խմբից՝ առաջին տեղով: Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հավաքականներին 1:0 հաշվով հաղթելուց հետո Օսկար Տաբարեսի սաները 3:0 հաշվով ջախջախեցին առաջնությունն ընդունող Ռուսաստանի հավաքականին: Ուրուգվայը դարձավ առաջին հավաքականը, որ վերջին 20 տարիներին դուրս է եկել խմբից՝ առանց բաց թողած գոլի:

Պորտուգալիայի հետ խաղում ուրուգվայցիները կարողացան անել ամենակարևոր՝ շատ լավ վերահսկել մրցակցի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Ուրուգվայը շատ լավ կարողացավ օգտագործել իր ամենաուժեղ կողմերը: Խաղավարտին թիմի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը նշեց, որ խաղը ստացվեց ամբողջ թիմի մոտ: Եվ սա, թերևս, Ուրուգվայի հաջողության բանաձևն էր:

Կարդացեք նաև

Ուրուգվայն  այս առաջնությունում աչքի է ընկել նրանով, որ սեփական դարպասն ընդունել է միայն մեկ գնդակ: Սակայն սա դժվար թե կանգնեցնի ֆրանսիացիներին, ում գլխավոր ուժը համարվում է հարձակումը:

Ֆրանսիա

Ֆրանսիայի ազգային հավաքականը, որ  կարողացավ վստահորեն հաղթել ֆավորիտներից մեկին՝ Արգենտինայի հավաքականին, խմբային փուլում հզոր հավաքականի տեսք չուներ: Ֆրանսիացիները կարողացան 2:1 հաշվով հաղթել Ավստրալիայի ընտրանուն, երկրորդ խաղում նվազագույն հաշվով հաղթեցին պերուացիներին:  Երրորդ խաղը շատ ձանձրալի ստացվեց. Արդյունքում՝ ոչ-ոքի Դանիայի հետ:

1/8 եզրափակչում ֆրանսիացիները կերպարանափոխվեցին: Դիդյե Դեշամի սաներն ունեցան մի շարք վտանգավոր պահեր, որոնց կեսն օգտագործելն էլ բավարար էր Արգենտինային հետագա պայքարից դուրս թողնելու համար:

Ինչպես նշում է ֆրանսիացիների մարզիչ Դիդյե Դեշամը՝ այս խաղում իրենք անելու են ամեն բան ազատ տարածություններ փնտրելու և արագ խաղ ցուցադրելու համար:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • Վերջին անգամ թիմերը հանդիպել են ընկերական խաղի շրջանակներում, որտեղ Ֆրանսիան պարտվել է 1:0 հաշվով:
  • Ֆրանսիայի և Ուրուգվայի միջև վերջին հինգ խաղից չորսն ավարտվել են 0:0 հաշվով:
  • Ֆրանսիացիներն այս Մունդալիում արդեն յոթ գոլ են խփել
  • Ուրուգվայի հավաքականը գոլ է խփել այս առաջնության բոլոր խաղերում:

Չնայած անձնական հանդիպումների բավականին համեստ վիճակագրությանը, մասնագետները կարծում են, որ պայքարը կշարունակի Ֆրանսիայի հավաքականը: Ֆրանսիայի ներկայիս հավաքականը շատ է տարբերվում այն բոլոր հավաքականներից, որ մինչև այժմ խաղացել են Ուրուգվայի դեմ: Սակայն Ուրուգվայը ևս չի պատրաստվում խաղը հանձնել մրցակցին:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս