Բրազիլիա-Բելգիա. Ո՞ւմը կլինի կիսաեզրափակչի տոմսը
Բրազիլիա-Բելգիա հանդիպումը խոստանում է լինել այս առաջնության ամենահետաքրքիր խաղերից մեկը: Իրար հետ հանդիպելու են առաջնության ամենահետաքրքիր հավաքականներից 2-ը: Բացի այդ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում հենց այս երկու հավաքականներն են զբաղեցնում 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Բրազիլիա
Մունդիալի սկզբում Բրազիլիայի հավաքականն աննշան խնդիրներ ունեցավ, սակայն պենտակամպիոնները հավաքվեցին և սկսեցին խաղալ իրենց նախընտրած ֆուտբոլը:
Բրազիլիայի հավաքականն Աշխարհի առաջնությանն է մեկնել շատ լավ կազմով և մարզավիճակով: Բրազիլացիներն այս տարի դեռ չեն պարտվել ՝ գրանցելով բավականին լավ արդյունքներ:
Ինչով ավարտվեց նախորդ Մունդիալը Բրազիլիայի համար՝ բոլորն են հիշում: Պենտակամպեոնները հասան կիսաեզրափակիչ և այնտեղ պարտվեցին Գերմանիային 1:7 հաշվով:
Ամեն դեպքում, տպավորություն է, որ Բրազիլիան, անգամ վատագույն կազմով, միևնույն է, Աշխարհի առաջնության ֆավորիտներից է լինելու: Իսկ Բրազիլիայի այս հավաքականը ոչ միայն վատը չէ, այլ նաև հրաշալի է: Այս հավաքականում կան շատ փորձառու և կարիերայի բարձունքում գտնվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Մարսելոն, ինչպես նաև երիտասարդ և արդեն Մեսսիի և Ռոնալդուի հետ համեմատվող ֆուտբոլիստներ, օրինակ՝ Նեյմարն ու Կոուտինիոն:
Բելգիա
Բելգիայի համար Բրազիլիայի հետ հանդիպումը կլինի իսկական փորձություն:
Ինչպես մինչև առաջնությունն էլ էր պարզ, ոչ այնքան ուժեղ հավաքականների հետ լավ արդյունքներ գրանցել Բելգիային հաջողվում էր դեռևս նախընտրական փուլում: Եթե Բելգիան կարողանա նաև նման խաղ ցուցադրել ավելի զորեղ հավաքականների հետ, ապա կկարողանա լուրջ արդյունքների հասնել: Անգլիայի հետ խաղը սրա ապացույցներից մեկն էր: Բելգիացիները չխաղացին գերհզոր ֆուտբոլ, բայց, այնուամենայնիվ, հաղթել կարողացան:
Ի տարբերություն Բրազիլիայի՝ Բելգիայի համար 1/4 եզրափակիչ դուրս գալը մեծ արդյունք է: Մյուս կողմից, հաշվի առնելով, թե ինչ կազմ ունի ներկայիս Բելգիայի հավաքականը՝ 1/4 –ով բավարարվելն առավելագույնը չէ, որ պահանջում են բելգիացիները:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Բրազիլիայի անպարտելիության շարքը կազմում է 15 խաղ
- «Սելեսաոն» հաղթել է վերջին 8 խաղերից 7-ում
- Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի վերջին 6 խաղերից Բրազիլիան հաղթել է 3-ում
- Բելգիայի հաղթական շարքը կազմում է 6 խաղ
- Բելգիան չի պարտվում արդեն 23 խաղ անընդմեջ
- Աշխարհի առաջնության վերջին 10 խաղերում Բելգիան հաղթել է 8 անգամ
- Բրազիլիան և Բելգիան հանդիպել են 5 անգամ: Բոլոր խաղերում հաղթել է Բրազիլիան: Վերջին խաղը կայացել է 2002 թվականին:
Դիտելով Աշխարհի այս առաջնությունը՝ կարող ենք ասել, որ Բրազիլիա-Բելգիա հանդիպումը կարող էր լինել եզրափակիչ հանդիպում: Երկու թիմերն էլ խաղում են վառ և հզոր ֆուտբոլ: Բրազիլացիներն անելու են ամեն բան 6-րդ անգամ Աշխարհի չեմպիոն դառնալու համար, իսկ բելգիացիներն այնպիսի էմոցիոնալ ալիքի տակ են, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի Բրազիլիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան