«Օգտագործենք առիթը, Հայաստանի համար երկարաժամկետ մի լավ բան անենք». Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում մեկնարկած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումների ընթացքում  ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց 4 առաջարկ: Նա հատկապես կարևորեց քվեարկությունը հատուկ տեխնիկական սարքի միջոցով իրականացնելը, որպեսզի բացառեն նաև քվեաթերթիկների կիրառմամբ հոգեբանական ճնշումների կամ այլ կեղծիքների կիրառումը:

Դ.Հարությունյանն օրինակ բերեց՝ ասելով, որ ընտրողից պահանջում են քվեաթերթիկի վրա աննշան նշում իրականանցնել՝ ծայրը ծալել, կամ որևէ այլ կերպ, ինչը եթե անգամ չի կարելի հետո ստուգել, բայց դա արդեն հոգեբանական ճնշում է ընտրողի վրա: Դ.Հարությունյանի խոսքով՝ իր նշած սարքերը նախորդ ընտրությունների ժամանակ բերվել են Հայաստան, փորձարկվել են, և շատ հեշտությամբ կարելի է կիրառել, անգամ վատ տեսնող մարդիկ կարող են ականջակալներով լսել և կատարել ընտրություն:

«Անգամ կաթվածահար մարդիկ կարողանում են քվեարկել»,- նկատեց նա:

Դ.Հարությունյանն առաջարկեց օգտագործել այս մոբիլիզացիոն ռեսուրսը և մասսայական ID քարտեր բաժանել բնակչությանը: Ըստ նրա՝ եթե արտահերթ ընտրությունների ժամանակ բոլոր ուժերը միավորված ասեն՝ գնում ենք քարտերով ընտրության, դոնորներ կգտնվեն.

«Օգտագործենք առիթը, Հայաստանի համար երկարաժամկետ մի լավ բան անենք: Սրա նպատակը բնակչության սպասարկման նոր որակ ապահովելն է: Սա գաղափար է, որ նվեր է տրվում կառավարությանը»:

Դ.Հարությունյանը նաև նշեց, որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ հաջողվել է խուսափել «կարուսել» հասկացությունից, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները հատուկ հաշվառման փաստաթուղթ չէին, իսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղել են հատուկ հաշվառման փաստաթուղթ, ինչը կարուսելի վտանգ է ստեղծում: Նա առաջարկեց նաև ՏԻՄ-ի ժամանակ չեզոքացնել այդ «կարուսելի» հնարավորությունը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հետաքրքրվեց, թե նախորդ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեղադրված 1200 տեսախցիկներն ի՞նչ են եղել, ո՞ւր են տեղափոխվել, որովհետև ԿԸՀ-ում չեն:

Դ.Հարությունյանը նշեց, որ դրանք երբեք չեն եղել ԿԸՀ-ում, բայց նաև «ոչ ոք տուն չի տարել», այլ բաշխվել են պետական մարմիններին՝ ՔԿՀ-ներ, ՊՆ, և այլն:

«Հիմա պետք է Պն-ից հետ վերցնե՞նք»,- հետաքրքրվեց պատգամավորներից մեկը:

«ՊՆ-ից եկեք ետ չվերցնենք»,- միջամտեց ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ տեսախցիկները բաժանվել են, որովհետև մտածում էին, թե հաջորդ ընտրությունները լինելու են 5 տարի հետո:

Դ.Հարությունյանը հայտարարեց, որ դրանք կարևոր են հանրային վստահության աստիճանը չնվազեցնելու համար, իսկ հետ հավաքելու գործը պետք է կառավարությունն անի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նկատեց, որ այս գործիքի շնորհիվ մի տեղամասում անվավեր է ճանաչվել քվեարկությունը, որովհետև ապացուցվել է, որ ուղղորդված քվեարկություն է եղել, այսինքն՝ տեսախցիկներն ապահովում են թափանցիկություն, իսկ հնարավոր է, որ կուսակցությունները ոչ բոլոր ընտրատեղամասերում կարողանան ներկայացուցիչներ ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս