«Ադրբեջանի որոշելիքը չէ՝ գնա՞լ պատերազմի, թե՞ ոչ». Հակոբ Բադալյան
«Եթե երկու բանակներ դեմ դիմաց կանգնած անընդհատ սպառազինվում են, ռազմնական գործողությունների հավանականությունը միշտ կա ու բարձր է»,- այսօր «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ առանցքային խնդիրն այն է՝ արդյոք հայկական կողմն Ադրբեջանին տալո՞ւ է հնարավորություն որևէ տիպի ռազմական գործողություն անելու, թե՞ ոչ. «Ադրբեջանական կողմը հենց մի մետրի գործողության հնարավորություն ստացավ, անելու է։ Երբ Նախիջևանում հայկական կողմը պատասխանեց ադրբեջանական դիրքն ամրացնելու փորձին, ես դա շատ կարևոր եմ համարում, որովհետև չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն այնտեղ մի վայրկյան հանգիստ գործելու հնարավորություն ստանա։ Սա միայն ռազմական պատասխանի հարց չէ, սա նաև քաղաքական կշռի հարց է, որովհետև սրանով Հայաստանը պետք է դիվանագիտական խաղաքարտեր ունենա միջազգային կենտրոնների հետ այդ խնդիրներն արծարծելու հարցում։
Լայնամասշտաբ գործողությունների առումով քիչ հավանական եմ համարում, քանի որ դա արդեն չի լինելու պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա լինելու է տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմ, որտեղ ներգրավված են լինելու բոլոր կողմերը, ու դա Ադրբեջանի որոշելիքը չէ՝ գնա՞լ պատերազմի, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ Ալիևը փորձում է մկանների փորձարկությամբ հոգեբանական և շանտաժի քաղաքականությունն առաջ տանել, նաև դա կախված է նրանից, որ Ալիևն այլ քայլ չունի անելու, միակ իր զենքը դա է մնացել»։
Հ. Բադալյանի կարծիքով՝ բանակցությունների մասին խոսակցություններն անիմաստ են, քանի որ Ադրբեջանը միայն ասում է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ հանձնի. «Մենք ի՞նչ ենք բանակցելու, երբ Ադրբեջանն ասում է՝ ես ուզում եմ ամեն ինչ։ Հետևաբար՝ բանակցային գործընթաց կարող է լինել մի դեպքում, երբ Ադրբեջանը ստորագրում է պարտավորություն, որ զենքի կիրառումը բացառվում է, ու դրա համար ստանձնում է միջազգային պարտավորություն։ Հայկական կողմը կարող է և պետք է բանակցի միայն այդ հարցի շուրջ։ Այլ կերպ այդ բանակցությունը միայն ուժեղացնում է Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունը։ Այսինքն՝ արդարացնում է իրենց շանտաժը»։