«Հայկ Դեմոյանի հետ իր տնօրինության տարիներին աշխատել ենք շատ լավ աշխատանքային պայմաններում»․ Նարինե Մարգարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար ընտրվեց Նարինե Մարգարյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ծանոթ է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խնդիրներին և կաշխատի հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը։
«Խնդիրներ կան, մանրամասներն առաջիկայում կներկայացնենք, ուսումնասիրությունից հետո, որովհետև ես գիտխորհրդի քարտուղարն եմ եղել, վարչական հարցերի ուսումնասիրություններ կլինեն, կհայտարարենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում աշխատակիցներն աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չեն ունեցել։
«Աշխատավարձերը վճարվել են»,- նկատեց նա։
Հարցին՝ ինչպիսի՞ն էին իր հարաբերությունները Հայկ Դեմոյանի հետ, վախ չկա՞, որ նախկին պաշտոնակատարի նման՝ ինքն էլ ճնշումների կենթարկվի, նա պատասխանեց․ «Կարծում եմ՝ նման խնդիր չի լինի, որովհետև մենք պարոն Դեմոյանի հետ իր տնօրինության տարիներին աշխատել ենք շատ լավ աշխատանքային պայմաններում և նորմալ մարդկային հարաբերություններում»։
168.am-ի հարցին՝ տեղյա՞կ է Հայկ Դեմոյանի և նախկին պաշտոնակատարի փոխհարաբերությունների մասին, նշում է, թե ճնշումներ են եղել իր նկատմամբ, նա պատասխանեց․ «Աշխատանքային հարաբերություններ են եղել։ Ճնշումների մասին տեղյակ չեմ»։
Հարցին՝ պատրաստվո՞ւմ է այդ հայտնի աշխատասենյակը զբաղեցնել, նա պատասխանեց, որ կմտածի։
Նա նաև նշեց, որ հետագայում չի առաջադրվելու տնօրենի թափուր պաշտոնի համար։