«Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը». Արտակ Դավթյանը՝ սահմանում ադրբեջանական ուժերի կուտակումների մասին

«Վերջին տարիների ընթացքում մշտապես այդ խոսակցությունները կան, մշտապես լարվածությունը կա, մշտապես Ադրբեջանը զորավարժություններ անցկացնում է, ու այդտեղ ես առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով այսօր սկսվելիք ադրբեջանական զորավարժությունների և ղարաբաղաադրբեջանական սահմանում ադրբեջանական ուժերի կուտակումների մասին։

Նա ասաց, որ ադրբեջանական զորավարժություններին հայկական կողմն ուշի ուշով հետևում է.

«Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացմանը և նույն վիճակով մենք էլ ըստ մեր պլանների՝ մեր զորավարժություններն ենք անցկացնելու, կարծում եմ՝ Ադրբեջանն էլ հետևում է մեր զորավարժություններին։ Անհանգստացնող ոչինչ այս պահին չկա»։

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք։

Լրագրողներից մեկն Ա. Դավթյանից հետաքրքրվեց՝ սա ռազմավարական գործընկերոջ կեցվա՞ծք է։ Ի պատասխան՝ Ա. Դավթյանն ասաց, որ ինքն այլ պետության անհատների կամ պաշտոնյաների այցը չի ուզում մեկնաբանել։ Դիտարկմանը, թե այդ ռուս փորձագետներն այդ միջոցառմանը պաշտոնապես են մասնակցել՝ Ա. Դավթյանն այսպես պատասխանեց.

«Իսկ ի՞նչ վատ բան կա, մեր մոտից չե՞ն մասնակցում։ Դատապարտում ենք, իհարկե, մեզ համար հաճելի չէ, բայց այլ պետության քաղաքացիներն իրենց պետության պլաններով մասնակցում են ինչ-որ երրորդ պետության միջոցառման, ու ոչ կոռեկտ եմ համարում մեկնաբանել իրենց փոխարեն»։

Հիշեցնենք նաև, որ այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ռուս քաղաքական գործիչների Լելե Թեփե կատարած այցին, ասել է . «Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»:

Տեսանյութեր

Լրահոս