«Լելե Թեփեի բարձունքում ադրբեջանական շոուն տապալվեց». Բալայան
«Ադրբեջանի բեմադրած շոուն տապալվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախօրեին մի խումբ ռուս գործիչների այցին Լելե Թեփեի բարձունք:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք։
Բալայանը տեղի ունեցածը որակեց «թատերականացված ներկայացում», որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: «Նույնիսկ միգուցե, վստահությամբ չեմ կարող պնդել, այդ ձևակերպումները, որոնք երեկ այդպես ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում էին մեծ ոգևորությամբ, գրվել են այլ տեղ և տրվել են ընդամենը հնչեցնելու այդ, այդպես կոչված, փորձագետներին: ՌԴ-ի դիրքորոշումը թե՛ ՀՀ-ի հետ հարաբերությունների, թե՛ ԼՂ հիմնախնդրի հետ կապված՝ հայտնի է, պարբերաբար վերահաստատվում է ամենաբարձր մակարդակով»,- ասաց Բալայանը՝ նկատելով, որ ադրբեջանական շոուն տապալվեց: