«Այսօրվա իրավական համակարգը պատրաստ չէ այդ գործերը բացահայտել». Անդրիաս Ղուկասյան

«Հայ կառուցողական կուսակցության» առաջին համագումարի ժամանակ, ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները՝ կուսակցության հիմնադիր Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանում գործում էր քրեական ռեժիմ, բարձրագույն պաշտոնյաները ստեղծեցին միլիարդների հասնող կապիտալներ։ Իսկ այսօրվա իրավական համակարգը, ըստ նրա՝ պատրաստ չէ այդ գործերը բացահայտել, հետապնդումներ իրականացնել, որպեսզի լուծվեն այդ խնդիրները։

«Անհրաժեշտ է ունենալ ծառայություններ, որոնք ի վիճակի կլինեն որակյալ բացահայտել այդ բոլոր հանցագործությունները, և արդարադատության քննությունն անցնել, որպեսզի այդ գործերով մեղադրյալները չմեղադրեն նոր իշխանություններին, թե իրենց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են կատարվում։ Նման հայտարարություններ արդեն հնչում են»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ պատժական համակարգը Հայաստանում շատ խիստ է. «Նույնիսկ իրավական դասագրքերում է նշված, որ Հայաստանում պատիժները խիստ են կիրառվում դատավորների կողմից։ Պատիժը կրելու պայմաններն էլ այնպիսին են, որ շատ քիչ են նպաստում մարդկանց ուղղմանը։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտից գրեթե բոլորս անցել ենք բանտերով և ծանոթ ենք այդ երևույթին՝ անձնական փորձով։ 21-րդ դարում ամոթ է ունենալ այնպիսի պատժային համակարգ, ինչպիսին ունենք այսօր։ Սա անհրաժեշտ է փոխել։ Ամեն փոքր հանցագործության համար պետք չէ մարդկանց զրկել ազատությունից, անհրաժեշտ է գտնել այլ պատժի միջոցներ, որոնք հանրությանը պաշտպանում են հանցագործներից, բայց նրանց համար չեն ստեղծում այնպիսի անմարդկային պայմաններ, որոնցից այսօր հանրությունը, չեմ կարծում, թե օգուտ ունի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս