«Ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ». Ժիրայր Սէֆիլյան

«Հուսով ենք, որ առաջիկա ձևավորվելիք ԱԺ-ում կընդգրկվեն գաղափարական ուժեր, գաղափարակիր անհատներ»,- այսօր Հայ կառուցողական կուսակցության համագումարից հետո այս մասին հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը։

Նա նշեց, որ երկրում ստեղծված է հնարավորություն՝ կազմակերպել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, և այսօրվանից պատրաստվելու են այդ ընտրություններին։

«Առաջիկա օրերին ԸՕ փոփոխությունների հետ կապված մեր առաջարկությունները կներկայացնենք, ունենք մեր ներկայացուցիչը՝ սպասվելիք քննարկումներին մասնակցելու նպատակով։ Մենք՝ «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերը», այսօրվանից պատրաստվում ենք սպասվելիք խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Սէֆիլյանը։

168.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին։ Ի պատասխան՝ Սէֆիլյանն ասաց, որ ձևաչափը կորոշվի առաջիկայում. «Անշուշտ, ավելի գործնական քայլեր կձեռնարկենք, երբ բոլոր տղաները լինեն ազատության մեջ։ Ինչ վերաբերում է դատաքննությանը, ապա առաջին շահագրգիռ կողմը մենք ենք, որ լինի անաչառ դատաքննություն, և բոլորի համար պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել։ Իսկ տղաների ազատության մեջ լինելը երբեք չի խանգարի դատաքննությանը։ Ես չեմ կարծում, թե մեր ժողովրդից որևէ մի հատված ցանկանում է, որ տղաները շարունակեն փակված մնալ»։

Կարդացեք նաև

Սէֆիլյանի խոսքով՝ «Սասնա ծռերի» անդամները ոչ միայն քաղբանտարկյալներ, այլև ռազմագերիներ են եղել. «Հեղափոխությունից հետո տղաները հապճեպություն չեն դրսևորել օրեր առաջ ազատության մեջ գտնվել։ Ընդունել ենք գործող իշխանության մարտավարությունը և չենք փորձել ավելորդ ճնշումներ բանեցնել՝ արագացնելու տղաների դուրս գալու պրոցեսը՝ վստահ լինելով, որ վաղ թե ուշ դա տեղի է ունենալու։ Նիկոլ Փաշինյանն առաջին օրն իսկ հայտարարել է, որ երկրում քաղբանտարկյալներ այլևս չպետք է լինեն, և պարզ է, թե ովքեր են քաղբանտարկյալները»։

Հարցին՝ զոհված ոստիկանների հարազատները քննադատում են կալանքից ազատելու որոշումները, իր դիտարկումն ինչպիսի՞ն է, նա պաստախանեց, որ զոհվածների պարագան բոլորի կորուստն է, ցավն է.

«Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին բոլոր կողմերն էլ հասկանալու են, որ բոլոր կողմերն էլ զոհ են եղել բռնատիրությանը։ Հուսով եմ, որ զոհվածների ընտանիքները ևս շուտով այս կարծիքին կլինեն։ Անշուշտ, ինչպես պարոն վարչապետն է ասել՝ պետք է երկխոսել, համերաշխության քայլեր կատարել, որին լծված ենք այս օրերին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս